«Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը
Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019 թվականի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին: Հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» և Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»:
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվեց Միացյալ Թագավորության Նորմանդյան Կղզիների Ջերսի քաղաքում, «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում, որին մասնակցում էին 52 Եվրոպական երկրների փոստային ոլորտի 150 ղեկավարներ և պրոֆեսիոնալներ:
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Այս տարվա մրցույթի թեման «Ազգային թռչյուններ»-ն էր և ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 9-ից:
Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:
Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:
Ֆիլատելիստական փորձագետներից կազմված ժյուրիի մրցանակը այս տարի տրվեց Սլովենիայի փոստին:
Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը:
Թողարկման օրը` 21 մայիսի 2019թ.
Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 24,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.