Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը. ԱԳՆ մամուլի խոսնակ
«Ադրբեջանի նախագահի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը որպես ԼՂ հիմնախնդրի լուծման տեսլական ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը, որ նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ադրբեջանի նախագահը փախստականների հետ հանդիպմանը իր խոսքում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5000 հազար բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրին, որի բնակչությունը 1992 թ. ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, և բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ այս հայտարարությունը տեղավորվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է լուծման տեսլական»,- նշեց նա։
Նաղդալյանի խոսքով՝ խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ այդ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման:
«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը երբևէ թույլ չեն տա Արցախում նոր վայրագություններ, դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին լավագույնս ձևակերպել է ՀՀ իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությամբ»,- շեշտեց խոսնակը։
Անդրադառնալով «Վալդայ» ակումբի համաժողովի ժամանակ Ալիևի պատասխանին՝ Նաղդալյանն ասաց. «Չէի ցանկանա խորանալ ժողովուրդ և բնակչություն եզրույթների ադրբեջանական մեկնաբանության մեջ, բայց պետք է նշեմ, որ ժողովրդավարական հասարակությունում բնակչությունը նաև ժողովուրդ է և հակառակը։ «Վալդայ»-ի հայտարարությունում Ադրբեջանի նախագահի միայն մեկ եզրույթի հետ կարող եմ ամբողջությամբ համաձայնվել, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, և Արցախի ժողովրդի կամարտահայտությունը տեղի է ունեցել բնակչության ճնշող և բացարձակ մեծամասնության կամարտահայտության միջոցով»։
Ինչ վերաբերում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ալիևի ելույթում Գարեգին Նժդեհի մասին դիտարկումներին՝ Նաղդալյանն ասաց. «Եթե Ադրբեջանի նախագահը նման կոչ է անում, ապա ես հանդես կգամ պատասխան կոչով. Ադրբեջանի նախագահը նախ և առաջ պետք է վերանայի Ադրբեջանի ներկայիս հերոս, հային բարբարոսաբար սպանած, մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու, ինչպես նաև նման վայրագությունները, բարբարոսությունները խրախուսելու իր քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում
- Լավրովը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ
- ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ
- Փաշինյան. Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ ասում է՝ ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանցիների համար
- «Մարաղայի բնակչության դեմ կատարված հանցագործությունն իրականացրել է արդեն իսկ անկախ Ադրբեջանը». ԱԳՆ