«Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել
«Էրեբունի» ԲԿ-ից հաստատեցին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը, ըստ որի մի քանի օր առաջ ծննդատանը ծնդդկան է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։
ԲԿ-ից մանրամասնում են, որ արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած 47-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է թեթև աստիճանի պրեկլամսիա: Հղիության 35 շաբաթականում կատարված կեսարյան հատման ընթացքում երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում:
Անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, հրավիրվել են ռեանիմատոլոգներ և հարակից բոլոր նեղ մասնագետները, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումներն, ինչպես նաև անմիջապես կատարվել է հակամակարդիչների ներարկում: Մեկ ու կես ժամ ցուցաբերված միջոցառումներից հետո գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:
«Ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն և թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի և վերին վերջույթների տոտալ ցիանոզով»,-նշում են ԲԿ-ից։
Կեսարյան հատման ընթացքում ծնվել է զույգ երեխա՝ տղա եւ աղջիկ, համապատասխանաբար 1կգ 880 գ, 45 սմ հասակով եւ 2կգ 40 գ, 45 սմ հասակով: Ծնվելու պահին երեխաներն ունեցել են շնչառական խնդիրներ, ստացել են համախատասխան բուժում, վիճակը գնահատվում է կայուն, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ստանում են նորածնային խնամք:
«Էրեբունի»-ից նշում են, որ աշխարհում թոքային զարկերակների թրոմբոէմբոլիաները մայրական մահացության պատճառագիտության մեջ դիտարկվում են որպես ոչ կանխելի մահեր:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնել էին, որ այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության տասը դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի ընթացքում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, 2017-ին՝ 4 դեպք, 2016-ին՝ 12 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Ինչո՞ւ են Հայաստանում մայրացող ու մայրացած կանայք մահանում
- Մարգարյան հիվանդանոցում ծննդկան է մահացել
- Վեդիում ծննդկանի ու նորածնի մահվան գործով փորձաքննությունների արդյունքները դեռ չկան
- Վեդիի ծննդատանը ծննդկան է մահացել
- Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին