Կիրո Մանոյան. Կարող է Ալիևը ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել
«Եթե նկատի ունենանք, թե ինչ ձևով Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ և ինչպիսի պատասխան ստացավ Հայաստանի վարչապետից, կարծում եմ, չի կարելի ակնկալել, որ որևէ առաջընթաց լինի արցախյան հարցի կարգավորման գործով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նա ընդգծեց, որ պետք է առաջնահերթություն համարել պետականության հզորացումը, քանի որ իրավիճակը ծանրանալու դեպքում Հայաստանն իր հույսը պետք է իր վրա դնի:
«Մենք է, որ պետք է կարողանանք ինչ- որ բան անել, երբ որ վիճակն էլ ավելի ծանրանա»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Կ. Մանոյանի խոսքով, հաշվի առնելով, որ այսօր Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում, հավանականությունն այնքան էլ մեծ չէ, որ այս օրերին այս փոքր տարածաշրջանում այլ թեժ օջախ լինի:
«Սակայն հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի պահվածքը, կարող է Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ խրախուսվի, ներշնչվի, ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել: Այսինքն միշտ էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած իրադարձություն»,- ասաց նա:
Կ. Մանոյանը չբացառեց, որ մի քանի ամիս անց նման իրադարձություններ հրահրվեն որոշ այլ նպատակներով. «Կարծես ցանկություն կա, որ այլ դերակատարներն էլ հայտնվեն, ինչն անպայման մեր շահերից չի բխում»:
Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցի լուծումն այնպիսին լինի, որ ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար, ձեզ համար նման տարբերակ տեսանելի՞ է, կա՞ տարբերակ, որ ընդունելի լինել երեք ժողովուրդների համար էլ, Կ Մանոյանն ասաց. «Որպես մարտավարություն լավ է, որ նման հայտարարություն է արել, որ գոհ լինի բոլորը, բայց թող ասի որն է բանաձևը, չկա նման բանաձև: Չենք ասում, որ ադրբեջանիցները պետք է կոտորվեն, բայց փաստ է՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մինչև այսօր հայկական կողմն է հաղթել և ադրբեջանցիները դրա համար ուրախ կամ գոհ չեն կարող լինել: Ադրբեջանին պետք է համոզել, որ Սրցախը երբեք ձերը չի եղել, ընդամենը Սովետական ժամանակաշրջանում վայելել եք, չարաշահել եք Արցախի ամեն ինչը, իսկ փլուզումից հետո արդեն մոռացեք Արցախի մասին: Ճիշտ կանի Հայաստանի վարչապետը, ով է լինի, նման անկեղծությամբ խոսի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան