Փաշինյան. Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից
Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, վարչապետ Գախարիայի այցը խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին:
Նիկոլ Փաշինյանը կարևոր և արդյունավետ է գնահատում վարչապատ Գախարիայի հետ այսօրվա բանակցությունները, որոնք ևս մեկ անգամ փաստում են հարաբերությունների առկա բարձր մակարդակը, դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը:
«Գործընկերոջս հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը։ Երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը», - ասաց Ն. Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով, կարևորել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից:
«Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը: Այս առումով համզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից»,- ասաց Ն. Փաշինյանը։
Նա նշեց, որ անդրադարձ են կատարել տարածաշրջանային հակամարտություններին, համակարծիք են, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքներին, սկզբունքներին համապատասխան:
«Վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, հետևաբար լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից: Այս առումով կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Ն. Փաշինյանը հավատացած է, որ Վրաստանի վարչապետի այցը իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը, համատեղ ջանքերով կպահպանեն այն դրական դինամիկան Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների շարունակական զարգացման համար, որն արդեն իսկ ունեն:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան