Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ նախագահ
2019թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, ինչն առաջին հայացքից կարող է դրական գնահատվել, բայց կարևորը ցուցանիշի միտումն է, որը շատ վտանգավոր է: Այս մասին այսօր տեղի ունեցած «Տնտեսությունն այսօր. թվերն ու արդյունքները» խորագիրը կրող ասուլիսում ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) նախագահ Իշխան Կարապետյանը։
«Եթե մենք համեմատում ենք 2018/2017թթ առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ, որը կազմել է 8.9%, մենք միանգամից տեսնում ենք, որ 2.4 տոկոսային կետով աճի տեմպը դանդաղել է: Աճի տեմպերի դանդաղում է արձանագրվել նաև տնտեսության այլ ոլորտներում»,- ընդգծեց նա։
Իշխան Կարապետյանը նաև ընդգծեց, որ 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 141 մլրդ ՀՀ դրամով կամ 24.5%-ով՝ հավելելով, որ ՏԶՆԿ-ն վերլուծել է հարկային բոյանսի ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի 1% աճը քանի տոկոսով է ավելացնում իրական հարկային եկամուտները: Հարկային եկամուտների արձանագրված աճի դեպքում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը (այլ հավասար պայմանների դեպքում) պետք է կազմի 30-40%, մինչդեռ 2019թ.-ի առաջին կիսամյակում իրական ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 6.5%՝ ստեղծելով պարադոքսալ իրավիճակ:
Խոսելով ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության մասին ՏԶՆԿ ղեկավարը նշեց. «Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ.-ին կազմել է 9.1%, իսկ 2019թ. առաջին կիսամյակում՝ 9.7%: Կուզենայի նշել, որ 2015-2017թթ-ին վերջինս չէր գերազանցել 2.6%-ը: Համաձայն ՀՀ ԿԲ-ի վերլուծական տվյալների, ՀՀ-ում արժութային և տնտեսական ճգնաժամերի առաջացման տեսանկյունից, որպես վտանգավոր շեմ է համարվում 9%-ը: 2019թ.-ի առաջին կիսամայակում այն կազմել է 9.7%: Գնահատականը թողնում եմ Ձեզ»:
Ի պատասխան լրագրողի հարցադրմանը, թե ինչպես կգնահատենք տնտեսության այսօրվա վիճակը, Իշխան Կարապետյանը պատասախանեց. «Համադրելի չի տնտեսական հեղափոխության հետ»:
ՏԶՆԿ տնօրեն Մարինե Առաքելյանն էլ, խոսելով բյուջեի ծախսային ուղղություններից նշեց, որ պետական բյուջեի ծախսերի առումով ունենք 20% թերակատարում կամ բացարձակ մեծությամբ 161 միլիարդ դրամ: Առավել մտահոգիչ է, որ կապիտալ ծախսերի առումով թերակատարումը հասնում է 76% կամ 75 միլիարդ դրամ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ կապիտալ ծախսերը տնտեսության ակտիվության կարևոր նախապայմաններից են, և եթե նման միտումը շարունակական բնույթ կրի` ապա առնվազն կարճաժամկետ հատվածում տնտեսական ակտիվության տեմպերը զգալիորեն կդանդաղեն:
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումների վերաբերյալ հարցին, Մարինե Առաքելյանն ասաց, որ 2019թ-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են շուրջ 16%-ով:
«Ի թիվս այլ գործոնների, ներդրողների համար շատ կարևոր է կայուն և կանխատեսելի իրավական և տնտեսական միջավայրը: Ցանկանում եմ նաև շեշտել, որ վերաներդրումները հանդիսանում են ՕՈւՆ-ի կարևոր բաղադրիչը: Սա նշանակում է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող օտարերկրյա կապիտալով ընկերությունները ցանկանում են իրենց ստացված եկամուտները վերաներդնել ՀՀ տնտեսության մեջ, և եթե նայենք 2019թ.-ի առաջին կիսամյակի տվյալները՝ այստեղ ևս ունենք խնդիր. վերաներդրումները նվազել է շուրջ 77%-ով»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին