Ամբողջ Ռուսաստանով Նավալնի գրասենյակները խուզարկություններ են կատարվում
Ռուսաստանի Դաշնության ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների շրջանում խուզարկություններ են կատարվում։ Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ФБК) տնօրեն Իվան Ժդանովի, իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում ամբողջ Ռուսաստանի քաղաքներում՝ Վլադիվոստոկից մինչև Յարոսլավլ: Այս մասին գրում է euronews-ը։
Խուզարկություններ կապված են «ФБК»-ի միջոցների «լվացման» դեպքի հետ, որի հետ կապված գործը բացվել է օգոստոսի 3-ին:
Հետաքննությունը ենթադրում է, որ 2016-ի հունվարից մինչև 2018-ի դեկտեմբեր ամիսների ընթացքում հիմնադրամի աշխատակիցները ապօրինի ձեռք են բերել մոտ մեկ միլիարդ ռուբլի:
Ընդդիմության ներկայացուցիչները հերքում են իրենց մեղքը՝ խուզարկություններն անվանելով «քաղաքական հետապնդում», որոնք կապված են սեպտեմբերի 8-ի ընտրություններում բողոքի քվեարկության հաջողության հետ:
Առաջին խուզարկությունները սկսվել էին սեպտեմբերի սկզբին, երբ քննիչները եկել էին Մոսկվայում «ФБК»-ի գրասենյակ: Սեպտեմբերի 12-ին իրավապահ մարմինները խուզարկություններ էին կատարել Նավալնիի կողմնակիցների շրջանում Ռուսաստանի 41 քաղաքներում: Անցյալ շաբաթ Արդարադատության նախարարությունը «Նավալնու» հիմնադրամն ընդգրկեց օտարերկրյա գործակալների ցուցակում: Կառույցը կարծում է, որ կազմակերպությունը ստանում է օտարերկրյա ֆինանսավորում: