Արաբագետ. Թուրքիայի գործողությունից Սիրիայի կառավարության ստացածն ավելի մեծ է լինելու
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց Բաշար Ասադի զորքերը շարժվել են դեպի հյուսիս, սակայն այստեղ որևէ խնդիր չկա, ամեն ինչ կանոնակարգվում է ՌԴ նախագահ Պոտինի կողմից, որը Թուրքիայի համար կանաչ լույս է վառել այս գործողության համար։ Վերջին շրջանում տեսնում ենք մերձեցում և Պուտինը տարբեր հարցերում ընդառաջում է Թուրքիային։ Ամենակարևորը, սակայն, այն է, որ Սիրիայի քրդերը պետք է հիասթափվեն ԱՄՆ-ից և դա պետք է դաս լինի բոլորին»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ խոսելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ։
Այժմ Սիրիայի քրդերը, Թուրքիայից ահաբեկված ու ԱՄՆ-ից հիասթափված, սկսելու են իրենց տարածքները հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչը կարող էին անել նախկինում, եթե խալամիտ գտնվեին։ Թուրքագետը չբացառեց մանր բախումներ նաև թուրք և սիրիացի զինվորականների միջև, բայց ամեն ինչ կանոնակարգվում է Պուտինի կողմից, որպեսզի թույլ չտա լուրջ բախում։
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ եթե չլիներ Թուրքիայի հարձակումը, քրդերը չէին համաձայնի ընդունել սիրիական կառավարության վերահսկողությունն այդ տարածքներում։
«Սա կրկին գործարքի մասին է հիշեցնում։ Եվ պարզ է, որ եթե թուրքերը ստանալու են հյուսիսային սահմանափակ շրջաններ, ապա Սիրիայի կառավարության ստացածը շատ ավելի մեծ է լինելու. ամբողջ հյուսիս-արևելքը»,-ասաց Արմեն Պետրոսյանը, կրկին նշելով, որ ՌԴ դերը առարկայական է։
Խոսելով հայկական համայնքի նկատմամբ սպառնալիքների մասին, արաբագետն ասաց, որ իրավիճակը մտահոգիչ է, քանի որ հատկապես Քոբանին, որը ամենահայաշատ բնակավայրն է, աշխարհագրական առումով տեղավորվում է Թուրքիայի կողմից ներկայացված անվտանգության գոտում։
«Հաշվի առնելով ռազմական գործողությունների առաջին շաբաթը, Քոբանիի ուղղությամբ ամենանվազ ռազմական ակտիվությունն է գրանցվել»,-ասաց Արմեն Պետրոսյանը։
Արաբագետը նշեց, որ ՀՀ-ն առաջին հերթին պետք է դիվանագիտական հարթությունում գործընկերների՝ ՌԴ-ի, Սիրիայի հետ, փորձի տեղում ապահովել հայ համայնքի անվտանգությունը։ Երկրորդ, ռազմական իրավիակի թեժացման դեպքում դարձյալ գործընկերների հետ ունենալ տարհանման սցենար՝ նաև ՀՀ, եթե կլինեն ցանկություն ունեցողներ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Պետրոսյան. Արաբական երկրները տարածաշրջանում զիջել են իրենց դիրքերն Իրանին ու Թուրքիային
- Թուրքագետ. Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է ՌԴ նախագահ Պուտինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան