Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ-ի կողմից դիմումը վարույթ ընդունելուց հետո Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորված մնա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների ուշադրությունը հրավիրեց փաստին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ դիմումը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել, սակայն այդ հիմքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ։
Նա հայտարարեց, անպայման դիրքորոշում հայտնելու են ՄԻԵԴ-ին, հարցադրումներ են ներկայացնելու, բայց այս պահին փակագծերը շատ բացել չի ցանկանում։
«Միայն մի ընդգծում, նշվում է, որ սա խորհրդատվական կարծիք է։ Բայց պետք է արձանագրել, որ դա խորհրդատվական կարծիք է ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատի կողմից։ Ես ծանոթ չեմ մի փորձի, որ նման կարծիքին վերաբերվեն զուտ որպես խորհրդատվական կարծիքի»,-ասաց փաստաբանը։
17 դատավորներից կազմված ՄԻԵԴ մեծ պալատը քննելու է Քր.օր-ի 300.1 հոդվածի համապատասխանությունը Եվրոպական կոնվանցիայի մի շարք դրույթներին։
«Իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիք են, Եվրոպական դատարանի բարձր պալատն արդեն քննության առարկա է դարձրել՝ վարույթ ընդունելով, բայց մենք դեռևս ունենք կալանավորված անձ։ Դրանք իրար հետ ուղղակիորեն կապ ունեն, քանի որ կալանավորման հիմքը 300.1 հոդվածն է»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, կարելի է ուսումնասիրել խորհրդատվական կարծիքի ֆրանսիական փորձը, կարելի է նույնիսկ հարցում ուղարկել այդ երկրի իրավապահ մարմիններին՝ հարցնելով, արդյո՞ք ՄԻԵԴ բարձր պալատի խորհրդատվական կարծիքը հենց այսդպես է ընկալվում։
«Ճիշտ հասկացեք, սա Եվրոպական Դատարանի բարձրագույն մարմնի խորհրդատվական կարծիքն է, իրավունքի խախտման կամ դրա բացակայության վերաբերյալ։ Այնպես չէ, որ ցանկացած հարց կարող է հայտնվել պալատի ուշադրության կենտրոնում, կամ ցանկացած դիմում վարույթ է ընդունվում»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին մասնակցել չի կարող
- Ռոբերտ Քոչարյանը մինչև նոյեմբերի 19-ը կարող է իր դիրքորոշումը ՄԻԵԴ ներկայացնել. փաստաբան
- ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար
- Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ