Յունիսեֆ. Հայաստանի երեխաների 3 տոկոսը թերքաշ է
ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հրապարակել է երեխաներին, սննդին ու սնուցմանը վերաբերող նոր զեկույց, ըստ որի, երեխաների անհանգստացնող թվաքանակ տուժում է ոչ բավարար սննդակարգի և սննդի կազմակերպման ոչ ճիշտ համակարգերի հետևանքով:
Երեխաների իրավիճակն աշխարհում 2019թ.։
Երեխաներ, սնունդ և սնուցում զեկույցում նշվում է, որ 5 տարեկանից ցածր 3 երեխաներից 1-ը, այն է՝ 200 միլիոն երեխա, կա՛մ թերսնված է, կա՛մ գերքաշ: 6 ամսականից մինչև 2 տարեկան 3 երեխաներից գրեթե 2-ը չեն ստանում իրենց արագ աճող մարմնին և ուղեղին անհրաժեշտ սնուցումը: Դրա հետևանքով հավանական է ուղեղի թերզարգացում, ուսումնառության ցածր մակարդակ, ցածր դիմադրողականություն, վարակների հանդեպ բարձր զգայունություն և մահվան ավելի բարձր ռիսկ:
«Չնայած վերջին մի քանի տասնամյակների տեխնոլոգիական, մշակութային և սոցիալական զարգացումներին, մենք մոռանում ենք մի պարզ բան՝ եթե երեխայի սննդակարգն աղքատիկ է, ապա նրա հետագա կյանքը նույնպես աղքատ կլինի», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Միլիոնավոր երեխաներ այժմ ապրում են անառողջ սննդակարգով, որովհետև պարզապես այլընտրանք չկա: Սնուցման մասին մեր պատկերացումներն ու պրակտիկան պետք է փոխվի: Խոսքը երեխային ոչ թե բավարար, այլ ճիշտ սնունդ տալու մասին է: Դա՛ է մեր մարտահրավերն այսօր»:
Զեկույցը 21-րդ դարում երեխայի թերսնուցման ամենատարբեր դրսևորումների ամենահամապարփակ գնահատումն է առ այսօր, որը նկարագրում է աշխարհում 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում թերսնուցման եռակողմ բեռը: Այն է՝ թերի սնուցումը, գերքաշությունն ու թաքնված սովը, որը հիմնական սննդանյութերի ոչ բավարար քանակ ստանալու արդյունքն է:
Ըստ զեկույցի
° 149 մլն երեխա թերաճ է կամ իր տարիքի համեմատ ցածր հասակ ունի,
° 50 մլն երեխա թերքաշ է կամ իր հասակի համեմատ ցածր քաշ ունի,
° 340 մլն երեխա կամ 2-ից 1-ը, տուժում է հիմնական վիտամինների և սննդանյութերի պակասից, օր.՝ վիտամին A-ի կամ երկաթի,
° 40 մլն երեխա ավելորդ քաշ ունի կամ գեր է:
Զեկույցն ահազանգում է, որ ոչ բավարար կամ սխալ սնվելու ու սնելու սովորույթը սկսում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերից: Հայտնի է, որ կրծքով սնուցումը կյանքեր է փրկում, սակայն 6 ամսականից ցածր երեխաների միայն 42 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում: Դրա փոխարեն նորածինների աճող մեծամասնությունը կաթնախառնուրդ է ստանում: 2008-2013թթ. բարձր միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսիք են՝ Բրազիլիան, Չինաստանը և Թուրքիան, կաթնախառնուրդի վաճառքն աճել է 72 տոկոսով: Դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում ոչ պատշաճ շուկայավարման, թույլ քաղաքականությունների և ծրագրերի հետևանքով։
Երբ վեց ամսական հասակում երեխաներն անցնում են հավելյալ սննդին, շատ շատերի առաջին փորձառությունը սկսում է սխալ սննդակարգից: Աշխարհում 6 ամսականից 2 տարեկան երեխաների 45 տոկոսը չեն ստանում որևէ միրգ կամ բանջարեղեն: Մոտ 60 տոկոսը չի ուտում ձու, կաթնամթերք, ձկնամթերք կամ միս:
Երեխան իր աճին զուգընթաց սկսում է ավելի հաճախ առնչվել անառողջ սննդի հետ, որը ոչ պատշաճ շուկայավարման ու գովազդի, չափից ավելի վերամշակված ու արագ սննդի առաջարկի, ինչպես նաև՝ շաքարի բարձր տոկոս պարունակող ըմպելիքների հասանելիության հետևանք է: Ըստ զեկույցի, ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցահասակ դեռահասների 42 տոկոսը օրական գոնե մեկ անգամ սպառում է գազավորված շաքարային ըմպելիքներ: 46 տոկոսը շաբաթական առնվազն մեկ անգամ արագ (պատրաստվող) սնունդ է ուտում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշները հասնում են համապատասխանաբար 62 և 49 տոկոսի:
Արդյունքում՝ ավելորդ քաշ ունեցող կամ գեր երեխաների և դեռահասների թիվն աճում է ողջ աշխարհում: 2000-2016թթ. 5-ից 19 տարեկան երեխաների շրջանում գերքաշությունը կրկնապատկվել է՝ անցնելով 10-ից 1 երեխա ցուցանիշից 5-ից 1 երեխայի: 1975թ․ համեմատ այդ տարիքային խմբում 10 անգամ ավելի աղջիկներ և 12 անգամ ավելի տղաներ գերքաշության խնդիր ունեն այսօր:
Զեկույցում ասվում է, որ երեխաների և դեռահասների թերսնուցման ամենամեծ բեռը կրում են ամենաաղքատ ու խոցելի համայնքները: Ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող 6 ամսականից 2 տարեկան 5 երեխայից միայն 1-ն է ստանում առողջ աճի համար անհրաժեշտ բազմազան սննդակարգ: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, գերքաշության ցուցանիշը երկու անգամ բարձր է երկրի ամենաաղքատ շրջաններում ի տարբերություն հարուստ շրջանների:
Զեկույցում նաև նշվում է, որ կլիմայի հետ կապված աղետները սննդի լուրջ ճգնաժամեր են առաջացնում: Գյուղատնտեսության ոլորտում վնասների ու կորստի 80 տոկոսի պատճառն է երաշտը: Դա արագ կերպով ազդում է ոչ միայն երեխաներին ու ընտանիքներին հասանելի սննդի վրա, այլև՝ սննդի որակի և գնի:
Թերսնուցման թափ առնող ճգնաժամի բոլոր դրսևորումներին հակազդելու համար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրատապ կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին, դոնորներին, ծնողներին ու ընտանիքներին՝ սատար կանգնել երեխաների առողջ զարգացմանը հետևյալ կերպ՝
1. Աջակցել ընտանիքներին, երեխաներին ու երիտասարդներին սննդարար սնունդ պահանջելու հարցում, նաև՝ բարելավելով սնուցման մասին գիտելիքների ստացումը և կիրառելով ապացուցված քաղաքականություն, օրինակ՝ շաքարի հարկին վերաբերող, որպեսզի իջեցվի անառողջ սննդի պահանջը:
2. Խրախուսել սնունդ մատակարարողներին՝ քայլ անել հօգուտ երեխաների, որպեսզի նրանք մատակարարեն առողջ, սպառելու համար հարմար և մատչելի սնունդ:
3. Երեխաների և դեռահասների համար առողջ սնունդ սպառելու նպաստավոր միջավայր ստեղծել՝ սննդի ճշգրիտ ու դյուրըմբռնելի պիտակավորմամբ՝ անառողջ սննդի շուկայավարումը զսպելու և այլ ապացուցված միջոցներ կիրառելով:
4. Երեխաների շրջանում սնուցման ուղղությամբ լուրջ արդյունքների հասնելու համար՝ միավորել բոլոր աջակից համակարգերը՝ առողջապահության, ջրային ու սանիտացիայի, կրթության ու սոցիալական պաշտպանության:
5. Գործողությունները կառավարելու և առաջընթացին հետևելու համար հավաքագրել, վերլուծել և օգտագործել որակյալ տվյալներ և ապացույցներ:
Իրավիճակը Հայաստանում
Հայաստանի երեխաների 3 տոկոսը թերքաշ է: Երեխաների 4 տոկոսը թերսնված է, իսկ 2 տոկոսը՝ խիստ թերսնված: Ըստ մարզերի՝ թերսնվածությունը տատանվում է՝ սկսած Տավուշի 0 տոկոսից մինչև Արագածոտնի 23 տոկոսը:
Մինչ 5 տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է: Սա նշանակում է, որ գերքաշությունը շատ ավելի մեծ խնդիր է Հայաստանի երեխաների շրջանում, քան թերքաշությունը: Չնայած տարբերությունները մեծ չեն՝ գերքաշության մակարդակը տղաների շրջանում ավելի բարձր է (15 տոկոս), քան աղջիկների շրջանում (13 տոկոս): Եթե մարզային ցուցանիշների համեմատական անցկացնենք, ապա կտեսնենք, որ Արարատում բնակվող երեխաները ավելի են հակված գերքաշության (36 տոկոս), քան մյուս մարզերի երեխաները (5-19 տոկոս):
Եվս մեկ խոսուն ցուցանիշ. Հայաստանում 6-23 ամսական երեխաների միայն 24 տոկոսի սնուցումն է համապատասխանում նվազագույն ընդունելի սննդակարգի չափանիշներին:
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների թերսնուցման և զարգացման խնդիրների թեմայով համաժողով՝ Իջևանում
- Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Գյումրիում մարդիկ թերսնված են, հացի խնդիր ունեն, իսկ միակ լավ բանը նոր քաղաքապետն է. Վահան Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան