Կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակը դրական եզրակացություն ստացավ
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակին։
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասել է, որ այս օրենքով ոչ թե գույքահարկի չափ է սահմանվում, այլ գույքի կադաստրային արժեքը մոտարկվում է շուկայականին, նաև նշել, որ օրենքի ընդունումից հետո մի շարք իրավական ակտերի ընդունմամբ բարձր արժեք ունեցող գույքի հարկը կարող է մի քանի անգամ բարձրանալ, իսկ ոչ թանկ գույքի դեպքում՝ բոլորովին չփոխվել։
«Կոպիտ ասած, կադաստրային գնահատման արդյունքում ունենալու ենք 3-5 անգամ աճ, բայց օգտվելու ենք մեր ունեցած բազմաթիվ բոլոր գործիքներից, որոնք մեղմում կամ ամբողջովին զրոյացնում են սոցիալապես խոցելի շերտերի գույքահարկի բեռը։ Այսինքն, առաջին ընթերցման խորհրդանշական հերոսը դարձած տատիկը, որը Երևանի Աբովյան փողոցում թանկ տուն ունի, բայց ապրում է բացառապես իր թոշակով, գույքահարկի բեռի փոփոխություն չի զգա»,- հանձնաժողովի այսօրվա նիստում ասել է հարցի հիմնական զեկուցող, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, տեղեկացնում են Կադաստրի կոմիտեի լրատվական բաժնից։
Նա հիշեցրել է, որ նախագծում անդրադարձ չկա դրույքաչափերին և չհարկվող շեմին։ Այնուամենայնիվ, երկրորդ ընթերցման տարբերակում որոշ բազային «թվեր» ամրագրվել են՝ նկատի ունենալով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկությունը։ Այսպես, դրանք վերաբերում են անշարժ գույքի հիմնական 2 տեսակների 1 քառ. մ մակերեսի բազային արժեքներն ու տարածագնահատման գոտիականության գործակիցներն օրենքում սահմանելուն. առաջին ընթերցման տարբերակում այդ ամենը թողնված էր Կառավարության որոշմանը։
Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2021 թ. հունվարի 1-ը։ Մինչ այդ Կառավարությունը պետք է սահմանի Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները:
«Դրանք Կառավարության որոշումներով կարգավորելու նպատակը ճկունությունն է, որը հնարավորություն է տալիս կառավարելու կամ նվազեցնելու շուկայում կտրուկ տատանումների պատճառով առաջացող ռիսկերը»,- ասել է Սարհատ Պետրոսյանը։
Օրենքի ուժ ստանալուց առաջ, Ազգային ժողովը պետք է երրորդ ընթերցմամբ ընդունի նախագիծը։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է սեպտեմբերի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- Օրինագիծն անշարժ գույքի կադաստրային արժեքը և ոչ թե գույքահարկը «հաշվելու» մասին է. Կոմիտե
- Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա
- Ինչպե՞ս են Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառուները գույքահարկ վճարելու