Նոր նամականիշ` նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
Այսօր հատուկ արարողությամբ մարվել է «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը, որը նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին: Նոր նամականիշը թողարկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում, որը սկսվել է 2017թվականին:
«Ամեն տարի «Ավրորան» բացահայտում է մարդկանց, որոնք իրենց գործն են անում՝ չսպասելով ճանաչման ու գովասանքի: Նրանք իրենց կյանքն են վտանգում՝ փրկելով ուրիշներին: Իսկ մենք նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք: Մինչդեռ նրանք են իրական հերոսները, որոնց աշխարհը պետք է ճանաչի ու վարակվի նրանց օրինակով: «Ավրորայի» հերոսների պատկերներով նամականիշ թողարկելն այս վեհանձն հերոսների մասին պատմելու մեր տարբերակն է, ինչպես նաև մարդասիրական շղթայի մաս կազմելու»,- ասել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
«Ավրորայի» նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով: 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Գոյացած հասույթը «Հայփոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն աջակցում է մարդասիրական նախագծերի 15 երկրներում՝ Աֆրիկայից մինչև Հարավային Ամերիկա և Մերձավոր Արևելք: «Ավրորայի» նախագծերի հիմնական շահառուները երեխաներն են ու երիտասարդները, հակամարտության և բռնության զոհերն ու փախստականներն աշխարհի ամենահեռավոր ու անտեսված շրջաններում:
«Տասնամյակներ շարունակ ես մենակ եմ եղել իմ ժողովրդի խնդիրների հետ: Ցավոք, մարդու իրավունքների խախտումներն ու մարդկության նկատմամբ հանցագործությունները շարունակվում են նաև XXI դարում՝ բոլորի աչքի առաջ ու գրեթե բոլորի լուռ համաձայնությամբ: Եվ առաջին անգամ ես զգում եմ, որ թիկունքս ամուր է, մի ամբողջ համայնք իմ և իմ ժողովրդի՝ Ռաքայն նահանգի ռոհինջա մուսուլմանների կողքին է՝ ի դեմս «Ավրորայի»: Նամականիշն իմ պատկերով չափազանց հուզիչ է և կարևոր՝ մեր պատմությունն աշխարհին լսելի դարձնելու համար»,- նշել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:
Նոր նամականիշի հեղինակն է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան։ Նա է նաև հեղինակն անցած երկու տարիներին «Հայփոստի» թողարկած նամականիշների՝ նվիրված 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին և 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում