Սննդագետ. Պատի ճեղքը կանխելու համար հիմքը պետք է ամրացնել
Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտների թունավորումն այդ ոլորտում առկա ֆունդամենտալ խնդրի հետևանքն է։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում պետք է վերացնել ոչ թե դրա հետևանքով առաջացած ճաքերը, այլ ամրացնել հիմքը։
«Առաջին անգամ չէ, որ հայաստանյան դպրոցում, մանկապարտեզում տեղի է ունենում թունավորման դեպք։ Պետք է ունենալ հստակ ռազմավարություն։ Ես տարիներ առաջ նման մի նախագիծ ներկայացրել էի։ Բացի այդ, հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, անկախ այն բանից, թե ինչ կարծիք ունեմ ԵԱՏՄ-ի սննդամթերքի անվտանգության կառավարման մեխանիզմների ու օրենսդրության մասին, պարտավոր են հետևել բոլոր այդ պահանջներին»,-ասաց Պիպոյանը։
Նա հիշեցնում է, որ ԵԱՏՄ սննդամթերքի անվտանգության կանոնակարգը հստակ սահմանում է պահանջները և մանկահասակ երեխաների սնուցման, և նախադպրոցական, և դպրոցական տարիքի։ Մասնավորապես նշվում է, թե ինչպիսի պայմաններում պետք է արտադրվի սննդամթերքը, հստակ սահմանվում է այն բաղադրիչների ցանկը, որոնք չպետք է լինեն սննդամթերքի պարունակության մեջ, շեշտվում է, որ դրանք ենթակա են գրանցման։
«Ինչո՞ւ են ենթակա գրանցման, քանի որ շատ կարևոր է, որ ապրանքը լինի փաթեթավորված, մակնշված, կա նաև ալերգենների մակնշման պահանջ։ Տեխնիկական կանոկանարգում նաև գրված է, որ թույլատրվում է նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների սննդում կարելի է օգտագործել միայն բնական բուրավետիչներ։ Չի թույլատրվում սփրեդ օգտագործել։ Գրանցման ժամանակ պարզ է դառնում, տվյալ ապրանքը պարունակո՞ւմ է այդ բաղադրիչները, թե՞ ոչ։ Հիմա բոլորս շատ լավ գիտենք, որ ոչ մեկ այդ բուլկեղենը կարագով չի պատրաստում, դրանք պետք է վերահսկվեն, իսկ դրա համար պետք է լինեն գրանցված ու մակնշված։ Էլ չեմ խոսում պատշաճ փաթեթավորման մասին»,-մանրամասնում է մասնագետը։
Նա կրկնում է, եթե խնդրի լուծումը հիմքից չի սկսվում, ապա խնդիրները կրկնվելու են։ Ոչ մանկապարտեզներում, ոչ դպրոցներում այսօր սննդի ռիսկի գնահատում չի իրականցվում, մինչդեռ այստեղ գործ ունենք խոցելի խմբի՝ երեխաների հետ։
«Հնարավոր է այդ նրբերշիկով պիցցան ուտեին մեծահասակները, և որևէ բան չպատահեր։ Բայց այս դեպքում գործ ունենք խոցելի խմբի հետ։ Հենց այդ պատճառով է, որ ԵԱՏՄ-ն առանձնացնում է մանկական սնուցման համար նախատեսված ապրանքների արտադրությունը և սահմանում է կոնկրետ պահանջներ, հստակ սահմանում է, թե ինչպիսի հումք պետք է օգտագործվի»,-ասում է Պիպոյան։
Նա ընդգծում է, որ խնդրին համակարգային լուծում տալու համար պետությունը պետք է հանդես գա որպես մեկ միասնական մեխանիզմ, սովորական քաղաքացուն չի հետաքրքրում, թե ո՞ր նախարարության, ո՞ր ստուգողի բացթողումն է կամ խնդիրը։
«Կառավարությունն է, որ պետք է պաշաճ լծակներ տա իր մարմիններին՝ թե քաղաքականություն մշակող մարմին, թե վերահսկողություն իրականացնողին»,-նկատում է սննդագետը։
Ի վերջո ավելի հեշտ ու քիչ ծախսատար է կանխել թունավորումը կամ այդ բացի հետևանքով հնարավոր այլ խնդիրները, քան թե դրանց բուժումը, ուստի պետք է օր առաջ թե մանկապարտեզներում, թե դպրոցներում սկսել անվտանգության կառավարման համակարգի հարցերի լուծումը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. Վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում
- Արտաշատի հիվանդանոցում մնացած երկու երեխաները քիչ անց դուրս կգրվեն
- Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ
- Արտաշատի ԲԿ տնօրեն. Վերջին երեխան հիվանդանոց է ընդունվել կես ժամ առաջ
- Մոտ 20 աշակերտ հիվանդանոցում է, իսկ վերահսկող մարմինը լուռ է
- Արտաշատում թունավորման պատճառով 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին