Հայաստանում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան
«Կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը նախատեսում ենք Հայաստանում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընթացող «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի ժամանակ։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ դա ոչ միայն նոր գաղափար է ամբողջ հայության միավորման համար, այլ նաև իրենց քայլն է՝ համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ:
«Այս քայլով ուզում ենք նաև կոչ անել համաշխարհային հանրությանը՝ շարունակել այս մարտահրավերը և պայքարել գլոբալ բնապահպանական խնդիրների, կլիմայական փոփոխությունների և այլ հարցերի շուրջ»,-ընդգծեց նախարարը: