Անփոխարինելի մարդ չկա. Դավիթ Անանյան
«Մեր աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր կատարած աշխատանքից:
«Այսինքն՝ ՊԵԿ-ի գործառույթների առումով որոշակի վերապահումներ, ցանկություններ և դժգոհություններ վարչապետը հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերում, այլ ՊԵԿ-ին»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած կառույց, որ գործում է, իսկ ՊԵԿ-ն, ըստ նրա, արդյունավետ է գործում, միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ ունի. «Հետևաբար, վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են, բայց դրանք իմ անձին չեն վերաբերում: Համենայնդեպս, մենք այդպիսի զրույց չենք ունեցել»։
Ինչ վերաբերում է պաշտոնում մնալ կամ չմնալուն, ՊԵԿ նախագահն ասաց՝ եթե կլինի հետագայում այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, որը շատ ավելի լավ և արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ինքը կհեռանա։
«Ընդհանրապես, անփոխարինելի մարդ չկա»,- հավելեց Դավիթ Անանյանը: