Երևանում ընդհանրապես մաքսային ձևակերպումներ չեն լինելու. Դավիթ Անանյան
«Գյումրիում ոչ թե ավտոմաքսատուն ենք կառուցում, այլ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով հարցին, թե Գյումրիում մաքսատուն կառուցելու ծախսը որքանով է արդարացված։
Նրա խոսքով՝ նախատեսված է, որ Հայաստանում նման երկու կենտրոն կլինի՝ հյուսիսային, հարավային. հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում՝ այն տարածքում, որտեղ հիմա ավտոմաքսատան գործառույթը կենտրոնացնում են։
Դավիթ Անանյանը նշեց, որ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը կառուցվելու է շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին միայն 6 հա-ն է իրացվում:
ՊԵԿ ղեկավարը տեղեկացրեց, որ կենտրոններում շահագործման պահից, ինչը կլինի մոտ 3 տարուց, կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով։
«Երևանում ընդհանրապես մաքսային ձևակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատունը չի լինելու: Այսօր ընդհանուր մաքսային ձևակերպումների շուրջ 80 տոկոսը կենտրոնացած է Երևանում: Մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է, որն իրականացվում է ՊԵԿ-ի միջոցով։ Պատկերացրեք, որ Երևանից բեռնաթափվում է ամբողջ բիզնեսը և գնում է հյուսիս ու հարավ»,- ընդգծեց Դավիթ Անանյանը:
Դիտարկմանը, թե մարդիկ մաքսային ձևակերպումների համար մեծ ծախսեր պետք է անեն Գյումրի հասնելու համար, ՊԵԿ նախագահը չհամաձայնեց՝ նշելով, որ Գյումրիի ավտոմաքսատունը 158 կմ հեռավորություն ունի Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից, 56 կմ՝ Բավրայից։
«Այսինքն՝ Գյումրիի կենտրոնը այդ երեք ակտիվ մաքսակետերին ավելի մոտ է, քան Երևանը։
Իմաստը նաև այն է, որ Գյումրիում աշխուժություն լինի։ Սա քմահաճույք չի, որ որոշեցինք մաքսատունը տանել Գյումրի։ Սա համապարփակ ծրագրի մի մասն է»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները հոկտեմբերի 14-ից իրականացվելու են Գյումրիում
- Հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում
- Նորագավիթի ավտոմաքսատանն օրական մաքսային ձևակերպում է ստանում 550-600 ավտոմեքենա
- ՊԵԿ. Մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատնից
- Կառավարությունը ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար կհատկացնի 181 մլն դրամ