Վարձով աջակցություն մշակույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործառույթը, կարծես թե, նախ և առաջ պետք է լինի համապատասխան ոլորտներին վերաբերող քաղաքականության մշակումը: Հենց այդ քաղաքականությունից էլ պետք է բխի, կոնկրետ մշակույթի ոլորտում, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:
Մշակվող, մշակված մշակութային քաղաքականության մասին հայտնի չէ՝ կա, չկա, սակայն նախարարությունը շատ ակտիվորեն տարածում է, թե ինչ միջոցառումներ են նախատեսված, նախ չմոռանալով հենց սկզբում նշել, որ այսինչ միջոցառմումը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչ է ենթադրում աջակցությունը: Նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը Panorama.am-ին ասաց, որ սովորաբար երբ պաշտոնական կայքերում տեղեկատվություն են տեղադրում և գրում են նախարարության աջակցությամբ, նկատի են ունենում նախարարության ֆինանսական աջակցությունը, իսկ եթե աջակցությունը լինում է խորհրդատվական, այլ ձևաչափով են ներկայացնում:
Այսօր տեղեկացրել են, որ նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը` հոկտեմբերի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կիրականացնեն սիրիահայ վարպետների ձեռարվեստի «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդես: Կներկայացվեն սիրիահայ 20 վարպետների արվեստի և արհեստի աշխատանքներ՝ արծաթագործություն, ասեղնագործություն, քաղցրավենիք, կարուձև, հելունագործություն և այլն։ Հարցրեցինք, թե այս դեպքում ո՞րն է նախարարության աջակցությունը:
«600 հազար դրամ է հատկացվել «Սիրիահայերի միությանը»: Հասարակական կազմակերպությունը դիմել է նախարարությանը, որպեսզի գումար տրամադրվի իրենց, կարողանան մեկնել Թբիլիսի ու մասնակցել ցուցահանդեսի»,- ասաց նա:
Նախարարության մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ արդեն մեկ տարուց ավելի անցել են դրամաշնորհների, այսինքն կազմակերպությունները ծրագրեր են ներկայացնում, ամեն ոլորտի համար կա համապատասխան հանձնաժողով, քննարկում են հայտերն ու տալիս համապատասխան գումար: Նախարարությունը կարող է աջակցել որևէ կազմակերպության միջոցառման կազմակերպման համար նաև տարածքով. այսինքն իր ենթակայության տակ գտնվող տարածքը տալիս է ինքնարժեքով կամ ավելի ցածր, բայց դա նույնպես աջակցություն է, որովհետև նախարարություն իր ֆինանսական միջոցներից անպայման պետք է փակի:
Իհարկե, նախարարությունը պետք է աջակցի, օժանդակի կազմակերպել տարբեր մշակութային միջոցառումներ, սակայն միջոցառումների մասին իրազեկելը, առավել ևս հենց ամենասկզբում «գովազդել» իրենց, այնքան էլ նախարարության գործառույթը չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան