Ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին առ այն, որ Թուրքիան կարող է իր տարածքի փախստականների համար բացել սահմանները դեպի Եվրոպա:Այս մասին գրում է ermenihaber.am կայքը:
Հեռուստահաղորդման ժամանակ թեմային անդրադարձած Օրբանն ասել է, որ եթե Թուրքիան իրականություն դարձնի փախստականների հետ կապված սպառնալիքը, իրենք ստիպված կլինեն ուժ կիրառել երկրի հարավային սահմաններին:
«Առաջիա շաբաթներին կերևա, թե Թուրքիան ինչպես կվարվի այդ մարդկանց հետ: 2 տարբերակ կա՝ կամ նրանց հետ է ուղարկելու Սիրիա, կամ ուղարկելու է Եվրոպա:
Եթե Թուրքիան ընտրի 2-րդ տարբերակը, այդ մարդիկ զանգվածային կերպով կգան Հունգարիայի հարավային սահմաններ: Դեպի Բալկաններ շարժվող արդեն 100 հազար փախստական կա: Եթե Թուրքիան ևս մի քանի 100 հազարին ուղարկի, ապա Հունգարիայի սահմանները պաշտպանելու համար ստիպված կլինենք ուժ կիրառել, ինչը չէի ցանկանա»,- ասել է Օրբանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սկսված ռազմագործողությունը դատապարտող եվրոպական երկրներին ի պատասխան Էրդողանը հայտարարել էր.
«Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա: