10 մլն եվրոյի դրամաշնորհ՝ գյուղոլորտին
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով նպաստել արդի ոռոգման զարգացմանը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները:
Ծրագիրը բաղկացած է 4 400 000 եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5 600 000 եվրո կազմող՝ Ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից: Ծրագրի շրջանակում, նախատեսվում է, մասնավորապես, ինստիտուցիոնալ աջակցություն ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, կոոպերատիվների զարգացմանը, պետական քաղաքականություն և բարեփոխումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների կառավարմանը և ոռոգման արդյունավետությանը, ոռոգվող գյուղատնտեսական արդյունքի բարելավում:
Անդրադառնալով համաձայնագրի նախագծին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Պետք է երաշխիքներ ստեղծենք, որ արդյունքը վերջում ստանալու ենք: Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության և տարբեր այլ որոտների համար գումարը գալիս է, գումարը բաժանում ենք, գումարը ծախսվում է և արդյունքը չի ստացվում: Մեր նպատակը պետք է լինի, որ արդյունքը պարտադիր երաշխավորված ունենանք, և այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք»: