Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ։
Հանդիպման ժամանակ վարչապետը հիշեցրեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակները շատ արագ տեմպերով ընդլայնվում է, և 2020 թվականի հունվարի 1-ից հիմնադրամը վճարումներ կկատարի 1998 թվականի հունվարի 1-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
«Մենք 1,5 տարվա ընթացքում 19 տարով հետ ենք գնացել, 19 տարվա շահառուների խնդիրը լուծել ենք: Մեր նպատակն այն է, որ հետ գնանք ու հասնենք մինչև ամենասկիզբ: Դա մեզնից աշխատանք է պահանջում, որը մենք կկատարենք»:
Այնուհետև վարչապետը նշեց. «Ցանկանում եմ ևս մեկ շեշտադրում անել, որն արել եմ մեր նախորդ խոսակցության ընթացքում: Ընդհանրապես, մանավանդ այն պայմաններում, երբ բազմաթիվ հարցեր երկար տարիներ չեն լուծվել, Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան հարց լուծելը, որովհետև մենք ասացվածք ունենք չէ՞, «մի տնից չենք՝ մի հալի ենք»: Երբեմն դա մեզ մխիթարում է: Երբ մեր հարցերը լուծված չեն և տեսնում ենք ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է մեր ազգային ասացվածքի տրամաբանությամբ. «մի տնից չենք՝ մի հալի ենք, իր հարցն էլ լուծված չէ, իմ հարցն էլ լուծված չէ»:
Բայց երբ ամենավերջից սկսվում են հարցերը լուծվել և գալ առաջ, սակայն երբ մենք մի փոքր այդ կետից հեռու ենք, այդ պրոցեսին սկսում ենք բացասական վերաբերվել՝ մտածելով, որ այն հին տրամաբանությունը, որ «մի տնից չենք՝ մի հալի ենք»՝ պահպանվեր, քան թե հարցը այն կողմից սկսվեր լուծվել: Եվ ես դա հասկանում եմ ինչից է, որովհետև մարդիկ մտածում են, որ գուցե նույն տրամաբանության մեջ կրկին հարցը գա հասնի իրենց շեմին ու այդպես էլ այդ վերջին քայլը դեպի իրենց շեմը չանի: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք դա և գնալու ենք մինչև ամենասկիզբը: Գիտեմ, որ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետև այնուամենայնիվ ծառայության ընթացքում կան մահացած զինվորներ, որոնք դեռևս շահառու չեն համարվում, որովհետև կան տարբեր կատեգորիաներ:
Հիմա պայմանն այնպիսին է, որ մարտական հերթապահության ընթացքում պետք է դեպքը տեղի ունեցած լինի, բայց հարցը հետևյալն է. եթե օրինակ զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե մարտական հերթապահության մեջ չէ: Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու:
Այժմ մենք այս հարցն ենք լուծում: Ենթադրենք, զինվորը մարտական դիրքում չէ, այլ թիկունքում ինչ որ տեղ և ասենք հակառակորդն ականանետից կամ հրետանուց կրակել է և զինվորը զոհվել է: Այժմ նա չի համարվում շահառու: Հիմա առաջին փուլում մենք այդ զինվորների խնդիրը կլուծենք, որից հետո կնայենք նաև հետագան:
Այստեղ հարցը նաև հետևյալի մեջ է. հանգամանքները տարբեր են, որովհետև դա չի նշանակում, որ բոլոր վթարները պետք է մտնեն նույն կատեգորիայի տակ: Ես ասում եմ հետևյալը. զինվորը գնալիս է եղել մարտական հերթապահության և ճանապարհին այդ դեպքը պատահել է, կարող են լինել նաև ուրիշ դեպքեր: Հասկանո՞ւմ եք, սա այնպիսի հարց է, որ պետք է երկար, մանրամասն լրջորեն քննարկել, լուրջ մոտեցում ցուցաբերել, բայց մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է և չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը որևէ քայլով, որևէ ձևով, որևէ ժեստով, որևէ անհարգալից կամ ոչ պատշաճ հարգալից վերաբերմունք ունենա զինծառայության ընթացքում որևէ հանգամանքի բերումով զոհված, մահացած որևէ զինվորի, կամ որևէ քաղաքացու նկատմամբ, ընդհանրապես, անկախ իր կարգավիճակից:
Բայց մյուս կողմից, մենք պետք է նաև հասկանանք, որ դա անխուսափելի բան է, մենք ստիպված ենք որոշ ձևակերպումներ անել, որոշակի տարբերակումներ մտցնել, որոշ կատեգորիաներ դնել, այլ տարբերակ ուղղակի չկա»:
Վարչապետը լսեց զոհված զինծառայողների խնդիրներն ու դիտարկումները, պատասխանել նրանց մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը խոստացավ մանրամասն քննարկել ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հիմնադրամը կփոխհատուցի 1998 թվականից մինչ օրս զոհված զինծառայողների ընտանիքներին
- Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
- Լարված իրավիճակ. Մարգարիտա Խաչատրյանը փակել է կառավարության շենքի մուտքը
- Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին բողոքի ակցիայից հետո ընդունել են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան