Բավականին լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց Սյունիքի մարզում պոչատարի վնասման պատճառով Ողջի գետը լցված արտանետումների մասին լուրով։
«Բավականին լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում։ Այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը, իհարկե, դա լաբորատոր հետազոտության արդյունքում կպարզի, հոսել են Ողջի գետ»,- ասաց վարչապետը։
Նա խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացրել է Սյունիքի մարզպետը՝ նշելով, որ գետի գույնը փոխվել է դարչնագույնի, և մարզում առկա բոլոր միջոցները մոբիլիզացվել են՝ գնալ և տեղում հասկանալ խնդիրը։ Նրա խոսքով՝ դեռ չի կարող ասել, թե որ կոմբինատի պոչամբարն է։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, որ բնապահպանական և ընթերքի տեսչական մարմնի աշխատակիցները առավոտյան եղել են դեպքի վայրում, փորձանմուշները վերցրել են։
«Եթե տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են: Ըստ նախնական տվյալների, վերևի մասից է, ոչ դե կեսից: Կեսից հնարավոր է, որ Կապանի նախկին կավարտի հանքից որաշակի արտահոսքեր լինեին»,- նշեց նա։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը էլ հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, դեպքի զննություն է կատարվում։
«Այնտեղ կա վնասված խողովակի հատված, և հիմա վերականգնման աշխատանքներ են կատարվում: Նախնական տվյալներով, այդտեղից է հոսել ջուրը: Մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրգործ հարուցելու հարցը»,- ընդգծեց նա։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց, որ տերերը թաքուն են պահել, որ նման դեպք է եղել. «Չեն ասել և արագ վերականգնման աշխատանքներ են սկսել: Այդ խողովակներն արագ զոդել են: Մերոնք ասացին՝ վերականգնել են»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է: ԱԻՆ-ից հայտնել են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան