Հանքարդյունաբերությունը կարող է սողանքի առաջացման նպաստող գործոն լինել
Հայաստանի տարածքի 60 տոկոսից ավելին սողանքավտանգ է, իհարկե, վտանգավորության տարբեր աստիճանի: Սողանքների առաջացման հիդրոերկրաբանական տարբեր պատճառներ կան, որոնց եթե գումարվում է մարդկային գործոնը, օրինակ հանքային արդյունաբերությունը, սողանքի հավանականությունն ավելի է մեծանում:
Panorama.am-ի հետ զրույցում աշխարհագրական գիտությունների դոկոտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը նախ թվարկեց սողանքի առաջացման պատճառները. առաջին՝ լանջի որոշակի թեքության առկայություն, արդեն թեքությունը բերում է գրունտների անկայունության աստիճանի, երկրորոդ՝ պարտադիր ջրամերժ ապարների, մասնավորապես կավային ապարների գոյություն, երրորդ՝ գրունտային ջրերի առկայությունը, որը դանդաղ, ժամանակի ընթացքում տարբեր շերտերի միջև, հատկապես կավերի, ջրամերժ ապարների, շփման դաշտում ստեղծում է սահքի դաշտ, առաջանում է լպրծուն մակերևույթ, որի դեպքում սահելու պոտենցիալը մեծանում է:
Նա ընդգծեց, որ տեսական առումով, լեռնահանքային արդյունաբերությունն ազդում է գրունտների կայունության վրա, հատկապես եթե որոշակի թեքությունների վրա են, որոշակի սողանքի առաջացման ֆիզիկական պայմաններ են առկա:
«Հանքարդյունաբերությունը կարող է սողանքի առաջացման նպաստող գործոն լինել, եթե հարակից հատվածներում հզոր էքսկավատորներ են աշխատում՝ ստեղծելով հզոր, դինամիկ շարժումներ, նույն լանջի վրա, որտեղ նշված պայմանները կան, պայթեցումներ են լինում, քանի որ հանքերի մեծ մասը պայթեցման ճանապարհով են բացում: Բայց կոռեկտ չի լինի ասել, որ Հայաստանի տարածքում բոլոր սողանքներն անխտիր պայմանավորված են հանքարդյունաբերությամբ, քանի որ ամեն մի կոնկրետ տարածք ունի իր յուրահատուկ առանձնահատկությունները»,- ասաց պրոֆեսորը:
Աշոտ Խոյեցյանի խոսքով, սողանքային գոտիներ կան հյուսիս-արևելյան Հայաստանում, հյուսիսային Հայաստանում:
Խոսելով կոնկրետ այսօրվա դեպքի մասին, երբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում, մասնավորապես հանքարդյունաբերությունը կարո՞ղ էր այս դեպքում նպաստող գործոն լինել սողանքի առաջացման համար, նա ասաց, որ նախ պետք է ուսումնասիրել առաջացման պայմանները: Միաժամանակ նշեց, որ Կապանը նույնպես սողանքային գոտի է, որտեղ հիմնականում կավային մերկացումներ են, մեծ թեքություններ:
Ինչ վերաբերում է սողանքի դեմ պայքարի միջոցներին, Ա. Խոյեցյանն ասաց, որ կան տարբեր միջոցներ, սակայն Հայաստանում դրանք բավարար չեն կիրառվում: Նա թվարկեց սողանքի դեմ պայքարի մի քանի ձևեր՝ լանջերը բուսածածկվում են, գոյություն ունի արհեստական դարավանդավորում, ինչը թույլ չի տալիս լանջն ամբողջական սահելու հնարավորություն ունենա, սահքի վտանգ ունեցող թեք լանջերին բետոնապատում են կատարում, թեքությունն արհեստական կրճատում են:
«Մեզ մոտ սողանքի դեմ պայքարի այս ձևերը համարյա չեն իրականացվում»,- ասաց աշխարհագրական գիտությունների դոկոտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը:
Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզում ևս մեկ այլ դեպք է տեղի ունեցել. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի է ունեցել վթարը, որի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ: Գետը սպիտակել է:
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Գրիգորյանը՝ պոչամբարի վթարի մասին
- Ցոլակյանը՝ Կապանում սողանքի հետևանքով բնակելի շինության փլուզման մասին
- Բավականին լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում․ Նիկոլ Փաշինյան
- Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է, պատճառներն ուսումնասիրվում են
- Սյունիքում վնասված պոչատարից արտանետումները լցվել են Ողջի գետը
- Կապանում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն
- Ողջաբերդի սողանքի գոտում ապրող մարդկանց փոխհատուցում կտրամադրվի
- Հալիձորի հարակից տարածքում սողանքի հետևանքով հողազանգվածը փակել է Որոտանի հունը
- Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին