Բազմահազարանոց բողոքի ակցիաներ Լոնդոնում, Փարիզում, Աթենքում՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի գործողության
Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսվեց քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները, որի նպատակն է քրդերի կողմից ղեկավարվող ուժերին հեռացնել սահմանային տարածքից և ստեղծել «անվտանգ գոտի», որտեղ կարող են վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականներ:
Վերջին օրերին Եվրոպայի մի շարք քաղաքներում անցկացվում են բողոքի երթեր՝ ընդդեմ Թուրքիայի ագրեսիայի։
Ֆրանսիա
Քրդական դրոշներով Փարիզի փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ՝ «Էրդողան տեռորիստ», «Էրդողան՝ ԴԱԵՇ-ի իրական առաջնորդ» «Թրամփ՝ սերիական մարդասպան» պաստառներով ու վանկարկումներով։ Կազմակերպիչները հայտնել են, որ Փարիզում ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել բողոքի երթին։
«Թուրքիան փորձում է իրականացնել էթնիկ զտում և ուժեղացնում է ջիհադիզմը, որպեսզի Արևմուտքը ծնկի գա», - Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Քրդական ժողովրդավարական խորհրդի խոսնակ Ագիտ Պոլատը:
Համանման բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ֆրանսիայի Մարսել, Ստրասբուրգ, Բորդո, Լիլ և Գրենոբլ քաղաքներում։
Պրո-քրդական ակցիաներ Գերմանիայում
Ընդդեմ Թուրքիայի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Գերմանիայում՝ միայն Քյոլնում ավելի քան 10 հազար մասնակից է եղել։
Հունգարիա
Մի քանի հարյուր մարդ դուրս էր եկել փողոց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի դեսպանությունների առաջ՝ վանկարկելով «Թրամփ-Օրբան-Էրդողան՝ բռնապետներ»։
Կիպրոս
Տասնյակ քրդերը երթով շարժվել են նաև Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայով՝ պաստառներով՝ «Հանցակից մի՛ եղիր քուրդ ազգի ցեղասպանությանը»:
Լոնդոն
Լոնդոնում ցուցարարները կոչ էին անում համաշխարհային զանգվածային մոբիլիզացիա իրականացնել Անկարայի դեմ և Սիրիայում նրանց գործողություններն անհապաղ դադարեցնել։
Վիեննա, Աթենք
Հազարավոր մարդիկ երթ են անցկացրել նաև Վիեննայում, մինչ Աթենքում, մոտ 1800 մարդ, ոստիկանության տվյալների համաձայն, երթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ բղավելով «Էրդողան՝ տեռորիստ»:
Նմանատիպ բողոքի ցույցեր են անցկացվել նաև Ցյուրիխի հին թաղամասում քրդական երաժշտության ներքո ու «Թուրքական բանակ՝ դուրս Քրդստանից», «Դադարեցրեք ահաբեկչությունը» վանկարկումներով:
Ստոկհոլմում մոտ 5000 մարդ երթով շարժվելէ դեպի Շվեդիայի խորհրդարան: Նմանատիպ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Հաագայում, Վարշավայում և Բրյուսելում:
Հիշեցնենք, որ Հայաստանում ևս ընդդեմ Թուրքիայի բողոքի ակցիա էր կազմակերպվել։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքավել էին Հայաստանի տարածքում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ՝ դատապարտելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները։