Հայաստանը որևէ մեկի սեփականաշնորհված օջախը չէ
Հայի համար օջախը սրբություն բառի հոմանիշներից կարելի է համարել, որտեղ բացառվում է որևէ պղծություն։ Օջախում բարոյական նորմերը խախտած ցանկացած մեկը հայկական միջավայրում անարգանքի է արժանանում հազարապատիկ անգամ։
Ի՞նչ պատկեր ունենք հիմա․ իշխանության բռնազավթմամբ ՀՀ վարչապետի աթոռին հայտնված անձն իր պոետական պոռթկման մեջ Հայաստանը համարում է իր օջախը։ Ստեղծագործական խոհանոցի իմացությունից ելնելով՝ կարող ենք ասել, որ ենթագիտակցության խորքերում Փաշինյան Նիկոլն արդեն իրեն լիակատար տեր է զգում երկրում։ Եվ ահա այս ինքնահռչակ տերը, իր ճղճիմ ցանկություններում հաղթելու համար, ոտնձգություն է անում հայության մեջ չգրված ամենակարևոր օրենքներից երկուսի դեմ՝ պատժում է հակառակորդի ծնողին ու զավակին։ ՍԴ նախագահի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելը գոտկատեղից ներքև հարված էր ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլև ողջ պետությանը։
Սա պատանդառություն է․․․ «վենդետա» բառը Հայաստանում առօրեական դարձրած Փաշինյանն, ինչպես երևում է, լավ ուսումնասիրել է մաֆիայի ձեռագիրը և կիրառում է մարդու վրա ճնշումներ գործադրելու նենգ հնարքները։ Չնայած, ինչու ենք հեռու գնում․ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պատանդառության ինստիտուտն արդեն լայնորեն կիրառվել էր 1995-1997թթ․ «Վահան Հովհաննիսյան + 30» քրեա-քաղաքական գործում (Ազգային գրադարանում կան դատավարությունը լուսաբանող բազմաթիվ հրապարակումներ)։ Շա՜տ ուշիմ աշակերտ է Նիկոլը, հատկապես սատանայական խարդավանքներում։
Հոկտեմբերի 18-ին ԱԱծ շենքի մոտ հավաքված մեծ թվով իրավաբանները և քաղաքական գործիչներն իրենց զորակցությունն էին հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին․․․ Մեծ հաշվով՝ զորակցություն են հայտնում իր դիրքերն ամուր պահող ՍԴ նախագահին և ՍԴ մյուս դատավորներին։ Որպես իրավունքի մասնագետներ՝ ցուցարարները հիանալի տեսնում են, թե ինչ աստիճանի անթաքույց ձևով են վարչապետի կամակատարները փորձում թրի տակով անցկացնել ՍԴ-ն, և ինչ հետևանքներ կունենա նման գործելաոճը պետության համար։
Իսկ մինչ ԱԱԾ, ՀՔԾ, քննիչ ու դատախազ զբաղված են մի տանիքի կառուցման նրբություններն ուսումնասիրելով, նույն այդ ժամանակ Երևանի փողոցներում գրեթե ամեն օր հնչում են կրակոցներ, լինում են դանակահարություններ ու «ռազբորկաներ», ինքնասպանություններ ու ինքնախեղումներ, վրաերթ է կոծկվում, ոստիկան է սպանվում ծառայողական պարտականությունը կատարելիս․․․․․․․ո՞ր մեկն ասես։
Օջախի իսկական տերն իր օջախը բարդակ չի դարձնի։ Միայն վատ օտարն ուրիշի օջախում բարոյական նորմեր կխախտի, ինչը հիմա կատարվում է մեր երկրում։ Հայաստանում այս իշխանությունները կատաստրոֆիկ արագությամբ սպառում են իրենց վստահության լիմիտը հիմնականում հենց հայկական ընտանիքի դրվածքը խաթարելու և երեխաներին դիպչելու պատճառով։
Լիա Իվանյան, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին