Կրթության ոլորտի մասնագետներին ասում են՝ փորձեք այլ դաշտում այլ աշխատանք գնել
Դեռևս հունիսին լուծարված Կրթության ազգային ինստիտուտի շուրջ 400 աշխատակից մինչև օրս գործազուրկ են: Թեև արդեն մի քանի հանդիպում ունեցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ, սակայն նրանց անհայտ է, թե ինչ է սպասվում իրենց:
Այսօր Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հավաքվել էին նախարարության մոտ: Panorama.am-ի հետ զրույցում ինստիտուտի աշխատակից, գերմաներենի մասնագետ Սաթենիկ Հայթյանն ասաց, որ նախկին հանդիպումների ժամանակ որևէ սպառիչ պատասխան չեն ստացել:
«Մեր ինստիտուտը լուծարվեց այն հիմքով, որ դառնալու է հիմնադրամ, սակայն երբ կդառնա հիմնադրամ, չենք կարողանում հասկանալ: Առաջ ասել էին սեպտեմբերին, հետո՝ հոկտեմբերի 15-ին իբր պետք է լիներ կառավարության որոշում: Սակայն որևէ որոշում չկա: Եկել ենք իմանալու, թե ինչ է լինելու: Հանդիպեցինք փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ: Նա ասաց, որ կանոնադրությունը գրված է, պատրաստ է, մեր կոնտակները վերցրեցին, որպեսզի քննարկման ժամանակ մեզ էլ հրավիրեն: Այսինքն երկու շաբաթով հետաձգվեց»,- ասաց նա:
Ս.Հայթյանի խոսքով, հիմնադրամ դառնալուց հետո այն չի կոչվելու այլևս Կրթության ազգային ինստիտուտ, նաև չի կատարելու այն ֆունկցիան, որը կատարել է մինչև լուծարումը, մասնավորապես ուսուցիչների վերապատրաստում:
«Հարց է՝ երբվանի՞ց կսկսի աշխատել այդ կառույցը և արդյո՞ք մենք կաշխատենք այդտեղ: Մեզ հայտնել են, որ իրենք չեն կարող ասել՝ մենք կաշխատենք, թե ոչ, մրցույթ է լինելու, աշխարհի ծայրից ցանկացած մարդ կարող է մասնակցել: Այն լինելու է փոքր կառույց: Մեզ ասում են փորձեք այլ աշխատանք փնտրել, եթե լավագույններն եք, փորձեք այլ դաշտում այլ աշխատանք գնել: Այնպես չէ, որ կրթության ոլորտի մասնագետների համար, որոնք զբաղվել են չափորոշիչներով, վերապատրաստմամբ, գործը դրված է, որ գնաս ու անես»,- նշեց նա:
Կրթության ազգային ինստիուտը մասնաճյուղեր է ունեցել Հայաստանի մարզերում: Նախ դրանք են փակվել, այնուհետև նաև լուծարվել է հենց ինստիտուտը:
Ս. Հայթյանն ասաց, որ մինչև 2021 թվականը ուսուցիչների վերապատրաստումները սառեցված են, ասել են, որ այլ կառույցներ են իրականացնելու, ոչ թե նոր ստեղծվող հիմնադրամը:
«Բայց արյդյոք այդ կազմակերպությունները կլինեն պետական մտածողությամբ, պետական կառույցներ, թե կլինեն հիմնադրամներ, որոնք գումար են բերում, վերապատրաստում են, իսկ հետո երբ վերջանում է գումարը...: Իսկ այդ հիմնադրամներին ո՞վ է վերահսկելու, արդյո՞ք իրենց վերապատրաստումները կլինեն արդյունավետ, որակով, թե՞ ոչ»,- հարցադրումներն անում է Կրթության ազգային ինստիտուտի արդեն նախկին աշխատակիցն ու պատասխաններ չունի:
Ս. Հայթյանն ընդգծեց, որ իրենց ինստիտուտոտում աշխատել են կրթության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, գիտության թեկնածուներ, ձեռնարկների հեղինակներ, ու այս պահին բոլորը գործազուրկ են, չգիտեն էլ, թե ինչ է լինելու:
Նշենք, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գործունեության հիմնական ուղղություններն էին հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտներում՝ մանկավարժական և ղեկավար կադրերի վերապատրաստում, ուսումնամեթոդական գրականության փորձաքննություն, կրթության կառավարման և բովանդակային նորմատիվների մշակում, գնահատման համակարգի մշակում, մանկավարժական մամուլի հրատարակում: