ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված՝ «Digital UAV Forum 2019» միջազգային միջոցառումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ), «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ): Գլխավոր գործընկերներն են «Ավրորա Ֆորում»-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Digital UAV Forum 2019»-ի շրջանակում տեղի ունեցած հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են դրամական մրցանակներով: Առաջին տեղը զբաղեցրած «Իմպրովիզ» թիմը ստացել է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, երկրորդ տեղին արժանացած «Ալֆա & Օմեգա» թիմը՝ 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ երրորդ տեղին արժանացած «ThreeSmart» թիմը՝ 500 000 (հինգ հարյուր) ՀՀ դրամ:
Մրցանակները հանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Անցումը դեպի թվային աշխարհ կատարվում է սրընթաց արագությամբ: Ամեն մի նոր օր փոփոխությունների տեմպն ավելի ու ավելի է արագացնում: Ազգերն ունեն երկու ճանապարհ: Կամ կանգնում են փոփոխությունների առաջնագծում ու դառնում այն քչերից, ովքեր ակտիվորեն առաջնորդում են գործընթացը, զոհաբերելով ժամանակ ու ռեսուրսներ, տքնելով, ձախողելով, սովորելով ու ստեղծագործելով, կամ՝ ոչինչ չեն անում, դուրս են մնում համաշխարհային պրոցեսից ու դառնում առաջընթացի պտուղների պասիվ սպառող՝ ստանալով փշուրներ: Մենք այլընտրանք չունենք. պետք է դառնանք համաշխարհային միտումների ակտիվ կենտրոններից մեկը: Մենք ունենք դրա նախադրյալները: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ աջակցում է հայ երիտասարդության նախաձեռնություններին: Շնորհավորում եմ այս հետաքրքիր միջոցառման բոլոր մասնակիցներին ու հաղթողներին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև օժտված երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:
Ֆորումի ծրագրում ներառված են.
Գիտական կոնֆերանս. ներկայացվում են և քննարկվում են գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական արդի լուծումներն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում:
Գիտական կոնֆերանսի թեմաներն էին՝
• արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը գործնական խնդիրներում,
• ԱԹՍ-երի կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատկությունները,
• արհեստական բանականության տեխնոլոգիաները և դրանց կիրառումն ԱԹՍ-երի ղեկավարման համար,
• ԱԹՍ-երի կիրառումը ժամանցի բնագավառում և ԱԹՍ-երի կիրառության տեխնիկական և օրենսդրական կարգավորումները:
Հեքըթոն. 36 ժամ տևողությամբ միջոցառում, որը նախատեսված է արհեստական բանականության և անօդաչու սարքերի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնին մասնակցել է տասներկու թիմ Հայաստանից և Ռուսաստանից: Թիմերին առաջադրված երկու խնդիրները ներկայացված են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից. առաջին խնդիրն այն մասին էր, թե ինչպե՞ս կարելի է մեքենայի թեստ-դրայվի որակի վերահսկումը փոխարինել/իրականացնել անօդաչու թռչող սարքի միջոցով, իսկ երկրորդ խնդիրը վերաբերում էր անօդաչու թռչող սարքի միջոցով հանրային վայրերում Wi-Fi կետերի առկայության մասին տեղեկություններ հավաքագրելուն:
Դպրոցական կրթական հարթակ. դպրոցականների կողմից ստեղծված գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետաց դասեր և ցուցադրական թռիչքներ:
Ֆորումը կշարունակվի մինչև 2019թ. հոկտեմբերի 20-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան