Մասնագետ. Ատամների կրճտոցը բուժում պահանջող խնդիր է
Շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ քնած ժամանակ ատամները կրճտացնում են։ Ոմանք էլ գիտեն այդ մասին, բայց չեն պատկերացնում, որ պարբերաբար կրկնվող կրճտոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ ատամների և քունքստործնոտային հոդի վիճակի վրա։
Մասնագետների խոսքով, բրուքսիզմի առաջացման պատճառ կարող են լինել սթրեսային վիճակները, սխալ կծվածքը, ատամների անոմալիան, օրթոդոնտիկ սխալ բուժումը և այլն։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ստոմատոլոգիական ծառայության ղեկավար Եվա Անանյանը շեշտում է, որ 80 տոկոս դեպքերում մարդիկ չեն իմանում, որ ունեն այդ խնդիրը։ Նրա ներկայացմամբ, բրուքսիզմի այլ նշաններն են առավոտյան գլխացավը, քունքստործնոտային հոդի ցավը, ատամի կոտրվածքը, ծնոտի ցավը, դեմքի մկանների գերլարվածությունը, երբեմն՝ խշշոցը ականջներում։
Այս նշանների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի՝ կանխելու համար հետագա բարդությունները։