Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
Ryanair ավիաընկերության՝ հայաստանյան շուկա մուտքի ու էժան տոմսերի մասին հայտարարությունները մեծ աժեոտաժ են առաջացրել։ Չնայած իռլանդական բյուջետային ավիաընկերությունը չվերթներ իրականացնելու է հունվարի կեսից, երևանցիներն արդեն իտալական քաղաքի կենտրոնում ժամադրվում են սրճելու համար։
Ոգևորությունը դեռ չմարած տեղեկություններ տարածվեցին, որ ավիաընկերությանը ֆինանսական միջոցներ են տրամադրվելու պետական բյուջեից։
«Բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ»,-գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե ինչ խթանների մասին է խոսքը։
Panorama.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով, բյուջեից որևէ ծախս չի արվելու։
«Այո, այո, բյուջեից որևէ ծախս չի լինելու։ «Արմենիա Միջազգային օդանավակայններ» ընկերության հետ մենք մի ֆորմուլա ենք մշակել, որով օժանդակում ենք տուրիզմի զարգացմանն ու այդ ավիաընկերության կողմից թռիչքների ավելացմանը»,-ասաց Կարապետյանը՝ չհստակեցնելով, թե ինչ բանաձևի մասին է խոսքը։
Կարապետյանը հերքեց նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի այն հայտարարությունը, թե յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլարին համարժեք ՀՀ դրամ կառավարությունը պարտավորվել է վճարել ավիաընկերությանը։
«Ես չկարևորեցի նրա գրառումը, քանի որ ճիշտ ինֆորմացիա չի պարունակում։ Նրա պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Կարապետյանը։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիյանը Panorama.am-ին ասաց, օդանավակայանում գործում է հատուկ առաջարկ բոլոր ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն միանգամից տարբեր ուղղություններից և հետագայում կավելացնենեն չվերթերի ուղղությունները և հաճախականությունը:
«Տվյալ դեպքում Ryanair ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկա մուտք է գործում միանգամից 4 ուղղություններից։ Նրա համար գործում է հատուկ սակագնային զեղչ»,-ասաց նա՝ չհստակեցնելով զեղչի չափը։
Թե ինչ են ստանալու օդանավակայանը զեղչի, իսկ ավիաընկերությունը էժան տոմսի դիմաց, ցույց կտա ապագան։
Հարակից հրապարակումներ`
- Բանակցությունները Ryanair- ի և Wizzair- ի հետ դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին, բայց կա մի բայց. Լապշին
- Որտեղ է Ryanair ընկերության հաջողության ու ցածր գների գաղտնիքը
- Ինչո՞ւ է Փյունիկը Ryanair-ին շնորհակալ
- «Ryanair»-ը հայտարարեց Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթների մասին՝ միջինը 35 եվրոյով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է