Արեգ Հովհաննիսյան. Մասնակիցների կարծիքով, սա մինչև այս անցկացված լավագույն սեմինարն էր
ՀԱՕԿ-ը հոկտեմբերի 16-17-ը «Օլիմպավանում» «Համագործակցություն սպորտային բժշկության և հակադոպինգային գործունեության միջև: Խնդիրները և հեռանկարները Հայաստանում» անվանումով միջազգային սեմինար է անցկացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սեմինարի բանախոսները կիսվեցին տպավորություններով:
Արեգ Հովհաննիսյան. «Նախնական պայմանավորվածությունը Վրաստանի բժշկական համալսարանի սպորտային բժշկության ամբիոնի վարիչ և ազգային հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Պավլե Կասրաձեի հետ էր, պետք է ներկա լիներ նաև Ռուսաստանի առաջին բժշկական ինստիտուտի սպորտային բժշկության և վերականգնողական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աչկասովը, որը տարածաշրջանում ամենահայտնի մասնագետներից մեկն է, բայց, ցավոք, նա չկարողացավ գալ թոքերի բորբոքման պատճառով: Մեր ֆիզիոթերապևտների և սպորտային բժիշկների խնդրանքով կազմակերպեցինք Միխայել Կասատկինի այցը, որը Եվրոպայում կինեզոտեյպինգի լավագույն մասնագետներից է: Իմ զեկույցում ներկայացրել եմ 2020-ի արգելված նյութերի նոր ցուցակը, որը բաժանվել է նաև մասնակիցներին: Առաջին անգամ կազմել և ներկայացրել ենք հիմնական հիվանդությունների բուժման համար օգտագործվող այն դեղերի ցուցակը, որոնք արգելված չեն. դա կազմվել է 10 տարվա ընթացքում թեժ գծով ստացված հարցերի հիման վրա: Մասնակիցների կարծիքով, այս սեմինարը բոլոր անցկացվածների մեջ ամենաօգտակարն էր: ՀԱՕԿ-ը նախնական որոշում է կայացրել, որ կընտրվեն 10-12 մասնակիցներ, որոնց հետ Միխայել Կաստակինը հաջորդ տարի կանցկացնի մեկշաբաթյա թրեյնինգ, որպեսզի օլիմպիական թիմի հետ աշխատող բժիշկները ծանոթանան նորագույն մեթոդներին»:
Պավլե Կասրաձե. «Եղան շատ հետաքրքիր դասախոսություններ: Արեգ Հովհաննիսյանը ներկայացրեց 2020-ի արգելված նյութերի նոր ցուցակը, շատ օգտակար և հետաքրքիր զեկույց էր: Մասնակիցները շատ հետաքրքրաված էին սեմինարով, և դա ուրախալի է»:
Միխայել Կասատկին. «Ցանկանում եմ շեշտել, որ սա այն քիչ սեմինարներից է, որտեղ զեկույցների մեծամասնությունը գործնական բնույթի են: Երեկ ավելի շատ թեորիան էր, իսկ այսօր տեյպինգի համաշխարհային պրակտիկային նվիրված գործնական պարապմունքներ են, լսարանը հետաքրքիր է և բազմաշերտ: Ինձ համար այսպիսի լսարանի հետ հետաքրքիր է աշխատել, նոր փորձ է: Այսպիսի սեմինարները մասսայականացնում են սպորտային բժշկությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա