Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն
Բեյրութում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ու պահանջում են կառավարության հրաժարականը․այսօր արդեն երրորդ օրն է։ Ցուցարարները փողոցներ են փակում, անվադողեր այրում՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով։ Տարիներ ի վեր սա Լիբանանում ամենախոշոր բողոքի ցույցերն են։
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, ցուցարարները արգելափակեցին կառավարության շենքերը, երբ կաբինետը որոշել էր նոր հարկ ավելացնել «WhatsApp»-ի ձայնային զանգերի համար, որը լիբանանցիները համարեցին «վերջին կաթիլը»։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։
Ցուցարարների ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, արցունքաբեր գազ օգտագործվեց, սակայն կառավարությունը հետ կանգնեց հարկը բարձրացնելու իր մտադրությունից։
Ուրբաթ առավոտյան Բեյրութի կենտրոնական փողոցներում կրկին հրդեհներ էին, խանութների ու գովազդային վահանակների կոտրված ապակիներ։ Հաղորդվում է, որ կա 2 զոհ։
ԶԼՄ-ները Լիբանանում տեղի ունեցողն անվանում են «WhatsApp» հեղափոխություն, «հարկային ինտիֆադա» կամ ապստամբություն, որը ցնցեց վարչապետ Հարիրիի միասնության կառավարությունը:
«Մենք մեկ մարդ ենք, որը միավորվել է ընդդեմ պետության», «Հեղափոխություն, հեղափոխություն», «Ժողովուրդը ցանկանում է ռեժիմի տապալում», վանկարկում են ցուցարարները։
Կառավարությունը, որը ներառում է Լիբանանի գրեթե բոլոր հիմնական կուսակցությունները, պայքարում է իրականացնել բարեփոխումներ, որոնք համարվում են ավելի կենսական, քան երբևէ, որպեսզի սկսեն լուծել ճգնաժամը:
Երկրի տնտեսական աճը տուժել է տարածաշրջանային հակամարտությունից և անկայունությունից: 35 տարեկանից ցածր անձանց գործազրկությունը Լիբանանում կազմում է 37 տոկոս:
Վարչապետ Սաադ Հարիրին, բողոքի ալիքը մեղմելու համար, 72 ժամ է տվել կառավարությանը՝ ծանր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։
Հարիրիի կառավարությունն իշխանության է մեկ տարուց էլ պակաս։ Ժողովրդին ուղղված ուղերձում Հարիրին նախօրեին մեղադրեց կուսակցություններին՝ Լիբանանի՝ պարտքեր կրող տնտեսության մեջ բարեփոխումներին խոչընդոտելու համար:
«Կառավարության մեր գործընկերներին ես տալիս եմ շատ կարճ ժամկետ՝ 72 ժամ, մեզ լուծում տալու համար, որը կարող է համոզել մեզ, փողոցում գտնվող մարդկանց և մեր միջազգային գործընկերներին», - ասաց նա՝ երկրի տնտեսական վատ վիճակը որակելով որպես «աննախադեպ» և «դժվար»:
Մինչ Հարիրին խոսում էր՝ Բեյրութի Նահատակության հրապարակում Լիբանանի դրոշը ծածանող ցուցարարները շարունակում էին կոչ անել երկրի քաղաքական ղեկավարության հրաժարականին, այդ թվում ՝ Հարիրի, նախագահ Միշել Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրի և արտգործնախարար Գեբրան Բասիլի: Ժողովուրդը մեղադրում է կառավարողներին կոռուպցիայի մեջ, պահանջում տարիներ շարունակ գողացված ֆոնդերը վերադարձնել։
Ուրբաթ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով բանկերը, խանութները և դպրոցները փակվել են, Սաուդյան Արաբիան հայտարարել է իր քաղաքացիների տարհանման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան