Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը
Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս տարվա կարգախոսն է՝ «Սրտումս Երևան»։
«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան։ Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր: Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում, ազգագրական՝ Նորք-Մարաշում, ռոք՝ Նուբարաշենում, հեղինակ-կատարողները հանդես կգան Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում:
«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաև պարգևատրման արարողություն և մշակութային մաս։
Հայաստանն աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկիրն է. դրանք տասներկուսն են՝ Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան:
Մ.թ.ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Հայաստանի մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:
Երևանի տարածքը կազմում է 223 քկմ, բնակչությունը՝ 1075.1 հազ. մարդ։