Հայաստանում 9 ամսում ՃՏՊ-ներից զոհվել է 253 մարդ
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում տարածքում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ: Թվային տվյալները ներկայացվել են ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստում, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով: Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ նշվում է, որ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%):
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (21,3%-ից 16,8%): Փոխարենը նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%)։ Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 37,8%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 56,8%:
Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով:
Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը։
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան