«Գրեմմիի» քառակի դափնեկիր Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest-ի մեկնարկը
Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը Երևանում և Երևանի սահմաններից դուրս կանցկացվի ամենամյա միջազգային ջազ փառատոն՝ Yerevan Jazz Fest 2019-ը: Փառատոնի շրջանակում կիրականացվեն ինքնատիպ համերգներ՝ բացառիկ արտիստների մասնակցությամբ: Այն կազմակերպվում է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշնի» կողմից։
Կազմակերպիչների տեղեկացմամբ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանում նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին:
Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգային երեկո կներկայացնեն շվեդ աշխարհահռչակ բասիստ Լարս Դանիելսոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նույնպես հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան և ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:
Yerevan Jazz Fest 2019-ը կուղևորվի նաև Գյումրի: Նոյեմբերի 3-ին Հայաթում համերգով հանդես կգան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ տեղի ունկնդրին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան