Հաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով մեկնարկեց սեղմում հենարանից վարժության առաջնությունը
Քիչ առաջ հաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով մեկնարկեց Հայաստանի ուժային եռամարտի և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների կողմից կազմակերպված սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։ Այն անցկացվում է Օրանժ ֆիտնես ակումբում։ Ավելի ուշ՝ այսօր ժամը 15։00-ին կկայանա բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդեն բաց առաջնության մասնակից մարզիկների ելույթները:
Առաջնության մեկնարկին ներկա Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ քայլեր են իրականացում այս սպորտաձևը միջազգային մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
«Հայաստանում անցկացվող առաջնություններում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները հետագայում ելույթներով հանդես են գալիս դրսում»,-ասաց Ֆեդերացիայի նախագահն ու ավելացրեց, հենց այս տարի իրենց մարզիկներից մեկը միջազգային առաջնությունում լուրջ հաջողություն է գրանցել։
Խոսքը Սամվել Ղազարյանի մասին է, որ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում սեպտեմբերի 20-ին անցկացված Arnold Classic 2019 սեղմում հենարանից բացարձակ առաջնությունում 190կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։
Ֆեդերացիայի նախագահի խոսքով, մարզաձևը գնալով ավելի մասայական է դառնում, դրա վառ վկայությունն է առաջնության մասնակիցների՝ տարեցտարի ավելացող թիվը։
Ուժային եռամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Ասատուրովն էլ ուրախությամբ նշում է, ավելացել են թե հաշմանդամություն ունեցող, թե կին մասնակիցների թիվը՝ հաշմանդամություն ունեցող 50 մարզիկ և 30 կանայք են հայտ ներկայացրել առաջնությանը մասնակցելու համար, նախորդ տարիների համեմատ այս թվերը կրկնապատկվել են։
«Հաշմանդամություն ունեցող մարզիկները, որոնցից 13-ը վնասվածքներ ստացել են հայրենիքի պաշտպանության ժամանակ, ցույց են տալիս, որ ուժեղ են ոչ միայն հոգով, այլև ֆիզիկապես։
Ցույց են տալիս, որ որևէ վնասվածք ստանալուց հետո ոչ թե կյանքն ավարտվում է, այլ նոր հնարավորություններ են բացվում, կյանքի նոր փուլ են մտնում, կարող են նաև սպորտային հաջողություններ գրանցել։ Նրանք իրենց ուժեղ լինելով օրինակ են ծառայում, մոտիվացնում մեզ ու մյուսներին»,-ասաց Ասատուրովը։
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր Սարգիս Ստեփաննյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այստեղ ինքն ու առաջնության մասնակիցները հավաքվել են առողջ գաղափարի շուրջ։
«Մեկին ես եմ օրինակ ծառայում, մեկ ուրիշն ինձ է օրինակ ծառայում։ Մենք այստեղ են լավ գաղափարի շուրջ»,-ասաց նա՝ գոհունակություն հայտնելով թե մասնակիցների թվի ավելացման, թե տարեցտարի ավելի բարձր արդյունքներ գրանցելու առթիվ։
Մրցումներից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն հավաքականի կազմում, կմասնակցեն աշխարհի առաջնությանը։
Մրցումը կանցկացվի Ուժային Եռամարտի Միջազգային Ֆեդերացիայի (IPF) կանոններին համապատասխան հետևյալ քաշային կարգերում.
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ` -59կգ, -66կգ, -74կգ, -83կգ, -93կգ, -105կգ, -120կգ և +120կգ:
ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ՝
-47կգ, -52կգ, -57կգ, -63կգ, -72կգ, -84կգ և +84կգ:
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ` -49կգ, -54կգ, -59կգ, -65կգ, -72կգ, -80կգ, -88կգ, -97կգ, -107կգ, +107կգ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ` -41կգ, -45կգ, -50կգ, -55կգ, -61կգ, -67կգ, -73կգ, -79կգ, -86կգ, +86կգ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին