Մհեր Աբրահամյան. Բանկերի հիմնական խնդիրները կապված են վարկերի վերադարձելիության հետ
Բանկերի միության խորհրդի վերջին նիստում Միության նախագահ է ընտրվել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Միության հասարակայնության հետ կապերի ծառայությանը տված հարցազրույցում նա խոսել է անելիքների մասին։
«Որպես Հայաստանում գործող բոլոր 17 բանկերի շահերը ներկայացնող կառույց՝ Բանկերի միության գլխավոր առաքելությունը, կարծում եմ, բանկային ոլորտում առկա և մեր գործընկերներից յուրաքանչյուրին անհանգստացնող հիմնական խնդիրները վեր հանելն ու ընդհանուր օրակարգ ձևավորելն է՝ դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելն է»,-նշել է Մ. Աբրահամյանը։
Նրա խոսքով, բանկերի հիմնական խնդիրները կապված են վարկերի վերադարձելիության հետ, երբ դատական գործընթացների պատճառով պրոցեսը երկարում է, գրավի ինստիտուտի ոչ լիարժեք կարգավորված լինելու, ինչպես նաև արհեստական սնանկությունների հետ։
«Ու թեև Հայաստանի բանկային համակարգը ամենակայացածներից է տարածաշրջանում, նմանատիպ խնդիրներն էականորեն խոչընդոտում են դրա հետագա զարգացմանը։
ՀԲՄ-ն նաև միջնորդի դեր է ստանձնել հասարակության և բանկերի միջև։ Մեր նպատակն է, նախ, կրթել հասարակությանը՝ գրագետ հաճախորդ ունենալու և հնարավոր անճշտություններից, թերըմբռնումներից խուսափելու համար, մյուս կողմից էլ բանկերին հասցնել հանրության պահանջները՝ կապված մատուցվող ծառայությունների կատարելագործման, նոր լուծումների ներդրման և դրանք հաճախորդների շահերին առավելագույնս ծառայեցնելու հետ։
Ուստի առաջիկա տարվա ընթացքում ՀԲՄ-ն կշարունակի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, բանկ-հաճախորդ հարաբերությունների բարելավմանն ու փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված իր ծրագրերը»,-մասնավորապես նշել է նա։