Սահրատ Պետրոսյանը հույս է հայտնել՝ ով էլ լինի կոմիտեի ղեկավարը, ոլորտում համագործակցությունը հաջողությամբ կպսակվի
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր ընդունել է Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած փորձագետներ Պաուլա Դիժկստրային և Քրիստիան Լեմմենին։
Կոմիտեի լրատվության ծառայության փոխանցմամբ՝ նա տեղեկացրել է, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որ փորձագետներին մանրամասն ու պատրաստակամ պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։
Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի մանրամասները։ Նա նշել է, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս կադաստրային բազմատեսակ գործարքներ իրականացնել առանց կնիքի, իսկ փաստաթղթերի շատ տեսակներ հասանելի և գործածելի դարձնել առցանց. «Շուտով թղթային արխիվներն անցյալ կդառնան»։
Իսկ հանդիպման ավարտին Սահրատ Պետրոսյանը հույս է հայտնել, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի։
Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը դիմել է կառավարության ղեկավարին՝ իրեն ազատելու խնդրանքով։