Ավինյան. Ոչ մի ուրիշ արտոնություն չկա
«Նման գումարի մասին խոսք անգամ լինել չի կարող, հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարաչպետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե Ryanair ավիաընկերության՝ հայաստանյան շուկա մուտքի ու էժան տոմսերի մասին հայտարարությունից հետո խոսակցություններ կան, որ պետական բյուջեից որոշակի գումար է տրամադրվելու այդ ընկերությանը:
Նա նշեց, որ արտոնություն է սահմանվել բոլոր այն ընկերությունների համար, որոնք որ նոր ուղղություններով դեպի Զվարթնոց և Զվարթնոցից այդ ուղղությամբ նախորդ տարվա 12 ամսում չեն իրականացրել կանոնավար չվերթ: Արտոնությունը ենթադրում է օդի տուրքի չեղարկում:
«Ոչ մի ուրիշ արտոնություն չկա»,- ընդգծեց Տ. Ավինյանը:
Նա նշեց, որ այդ արտոնությունը նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունն ավելի բարելավի, նոր խաղացողներ մտնեն շուկա:
Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է կարողանալու այդ ընկերությունն աշխատել այդ մեթոդով, փոխվարչապետն ասաց, որ ծանոթ չէ իրենց բիզնես ծրագրի մանրամասներին, դետալներին, բայց նմանատիպ ընկերությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ նրանք կենտրոնանում են հնարավորինս էֆեկտիվության վրա:
Տիգրան Ավինյանը նշեց, որ մի քանի ուղղությամբ են աշխատում. «Միանշանակ, Հայաստանի նման երկիրը հնարավորինս իր կապերը օդային ճանապարհով ամրապնդելու և ուղիղ չվերթների քանակն ավելացնելու խնդիր ունի: Դա մեր ռազմավարությունն է: Երկրորդ ուղղությանն այն է, որ պետք է զարգացնել տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումը, ինչն ավելի երկարաժամկետ ծրագիր է, 1-2 տարի հետո կարող ենք խոսել այդ մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
- Բանակցությունները Ryanair- ի և Wizzair- ի հետ դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին, բայց կա մի բայց. Լապշին
- Որտեղ է Ryanair ընկերության հաջողության ու ցածր գների գաղտնիքը
- Ինչո՞ւ է Փյունիկը Ryanair-ին շնորհակալ
- «Ryanair»-ը հայտարարեց Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթների մասին՝ միջինը 35 եվրոյով