Նոյեմբերին Լիոնում կհանդիպեն Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների առկա մակարդակը և ընդգծել ապակենտրոն փոխգործակցության շարունակաբար զարգացնելու անհրաժեշտությունը:
Նախարարը, որպես միջտարածաշրջանային համագործակցության արդյունքային օրինակ մատնանշելով Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրը շեշտել է, որ սա առկա չիրացված հնարավորությունների միայն փոքր հատվածն է:
Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՏԻՄ ակտիվության, համայնքներում տնտեսության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների և այլ թեմաներով քննարկումներ ու փորձի փոխանակում իրականացնելու նպատակով առաջարկել նոյեմբեր ամսին Լիոնում կազմակերպել համատեղ հանդիպմում Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ:
Դրականորեն արձագանքելով առաջարկին՝ նախարար Պապիկյանը կարևորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում Ֆրանսիայի երկարամյա և հաջողված փորձը և նշել, որ այն տեղական առանձնահատկությունների հաշվառմամբ կարող է ներառվել վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում