Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատները պահանջում են դադարեցնել բանակցություններն Ադրբեջանի հետ
Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք քաղաքական խումբը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցույունները՝ նախորդ շաբաթավերջին Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնի կերպով խաղաղ ցույցերը ցրելու պատճառով, որոնք կազմակերպվել էին «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» (NCDF) կողմից։ Տասնյակ մասնակիցներ ձերբակալվել, ծեծի են ենթարկվել, այդ թվում նաև ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:Այս մասին տեղեկանում ենք Սոցիալիստների և դեմոկրատների դաշինքի կայքից։
Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի փոխնախագահ Քեթի Պիրին հայտարարել է, որ այս վերջին բռնի գործողությունները ևս մեկ անգամ վկայում է Ալիևի վարչակարգի խոսքի և հավաքների ազատության և երկրի միջազգային ստանձնած պարտավորությունների նկատմամբ կոպիտ արհամարհանքի մասին:
«Ի հավելումն դրան՝ բռնություններն ուղեկցվում էին ընդդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ ուղղված պետական արշավով, ներառյալ աննախադեպ հարձակումը ԵՄ դիվանագետների վրա, որոնք կատարում էին իրենց մասնագիտական առաջադրանքները»,-ասել է Քեթի Պիրին։
Պիրին նշել է, որ ռեպրեսիան ընդդեմ այն կին ակտիվիստների, որոնք հավաքվել էին խաղաղ՝ ուշադրություն հրավիրելու մասնավորապես գենդերային բռնություններին, բացահայտում է գենդերային հավասարության նկատմամբ Ադրբեջանի կառավարության նվիրվածության կեղծավորությունը: