
Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ընդունել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Չո Լա Աունին, ով այցելել է Արցախ «Ավրորա» ֆորումի շրջանակներում:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանն իր ակնածանքն է հայտնել հյուրի հանդեպ՝ տասնամյակներ շարունակ մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար մղած ծանր ու հետևողական պայքարի համար:
«Մեծ պատիվ է Արցախում հյուրընկալել մի մարդու, ով անխոնջ պայքարում է աշխարհի մեկ այլ անկյունում տեղի ունեցող զանգվածային իրավախախտումների ու զրկանքների դեմ: Ձեր խիզախությունը կայանում է այն բանում, որ չնայած Ձեր կյանքը արտացոլումն է Մյանմայում ռոհինջա ժողովրդի հանդեպ իրականացված զրկանքների ու հալածանքների, սակայն Դուք շարունակում եք մաքառել բոլորի իրավունքների պաշտպանության համար: Խորհրդանշական է Ձեր այցն Արցախ, քանի որ մեր ժողովուրդն էլ ժամանակին ենթարկվել է նման հետապնդումների, բայց կարողացել է արժանապատվորեն դիմակայել և տեր կանգնել սեփական ճակատագրին: Այժմ մեր հանգրվաններն ու մարտահրավերները տարբեր են, սակայն նույնն են մեր արժեքներն ու տեսլականները: Ուստի, բարի գալուստ մարդու իրավունքների և արժանապատվության ամուր հիմքով Ձեր բարեկամ երկիր»,- նշել է Ա.Բեգլարյանը:
Չո Լա Աունն իր հիացմունքն է հայտնել Արցախի ժողովրդի անցած ճանապարհի մասին՝ ընդգծելով, որ այն մարդու իրավունքների և ազատությունների պայքար է:
Նա հակիրճ ներկայացրել է իր ժողովրդի հիմնախնդիրներն ու առկա իրավիճակը, շեշտադրել, որ առ այսօր իրենք ապրում են ծանր պայմաններում: Հյուրը երախտագիտություն է հայտնել, որ հայ ազգը, ի դեմս «Ավրորա» մրցանակի, կանգնում է կարիքավոր մարդկանց կողքին և գնահատում մարդասիրական ջանքերը ողջ աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին