Հայաստանում կարմրուկի հերթական դեպքն է արձանագրվել
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից:
Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ, հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
«Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:
Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»,-նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք
- Մասնագետը վստահեցնում է՝ Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ չկա
- Կարմրուկի բերովի դեպք է արձանագրվել