Բորիս Ջոնսոնի Բրեքսիթի հաղթանակն ու պարտությունը
Չէր հասցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տոնել հաղթանակը, դրան հաջորդեց պարտությունը: Այս մասին գրում է euronews-ը։
Նախօրեին հոկտեմբերի 22-ի երեկոյան, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Բրեքսիթի նոր օրինագիծը, որը ներկայացրեց կառավարությունը: Փաստաթուղթը պարունակում էր նաև ԵՄ-ի հետ նոր գործարքի տեքստը: Դրանից հետո խորհրդարանականները մերժեցին վարչապետի առաջարկությունը՝ 3 օրվա ընթացքում վավերացնել Բրեքսիթի օրինագիծը, որպեսզի Բրիտանիան կարողանա լքել Եվրամիությունը մինչև հոկտեմբերի 31-ը:
Ի պատասխան ՝ Ջոնսոնը դադարեցրեց փաստաթղթի քննարկումը՝ Բրյուսելի հետ խորհրդակցությունների համար:
«Հիմա մենք բախվում ենք հետագա անորոշության հետ։ Այժմ ԵՄ-ն պետք է որոշի՝ ինչպես արձագանքել խորհրդարանի դիմումին՝ Բրեքսիթի ժամկետը հետաձգելու պահանջի մասին: Սրանից հետևում է՝ առաջինը, որ կառավարությունը պետք է ստանձնի միակ պատասխանատու կուրսն ու արագացնի «առանց գործարքի» Բրեքսիթը: Եվ երկրորդ, ես կխոսեմ ԵՄ երկրների հետ նրանց մտադրությունների մասին, և մենք կդադարեցնենք այս օրինագծի քննարկումը՝ մինչև նրանք որոշում կկայացնեն», - ասաց Ջոնսոնը։
Մինչև շաբաթվա վերջ խորհրդարանի օրակարգում ընդգրկվել են միայն ներքին և տնտեսական հարցեր, ինչը վրդովեցրել է ընդդիմությունը:
«Ես հորդորում եմ վարչապետին համագործակցել՝ համաձայնեցնելու Բրեքսիթի գործարքի ընդունելի գրաֆիկի շուրջ, որպեսզի պատգամավորները կարողանան մանրամասն ուսումնասիրել այն և փոփոխություններ կատարել: Դա կլինի կարևոր քայլ առաջ: Ես այսօր նման առաջարկ եմ անում ընդդիմության անունից», - հայտարարեց լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը։
Շաբաթ օրը, ենթարկվելով խորհրդարանի ընդունած օրենքին, Բորիս Ջոնսոնը նամակ է ուղարկել Բրյուսել՝ խնդրելով հետաձգել Բրեքսիթը, բայց չի ստորագրել այն, իսկ կից ուղղված նամակում նշել էր, որ հետաձգումը համարում է մեծ սխալ:
Եվրահանձնաժողովը նախօրեին հայտարարեց, որ հաշվի է առել քվեարկության արդյունքները Բրիտանիայի խորհրդարանում և արդեն խորհրդակցություններ է անցկացնում ԵՄ երկրների ղեկավարների հետ՝ հետաձգման հարցի շուրջ:
Ավելի վաղ Ջոնսոնը խոստացել էր, որ եթե արագացված գրաֆիկը մերժվի պատգամավորների կողմից, և Եվրամիությունը որոշի երկարատև հետաձգել Բրեքսիթը, ապա նա դուրս կբերի համաձայնագիրը խորհրդարանից և մինչև Սուրբ ծննդյան տոներ կգնա ընտրությունների: