
Սևանի մակարդակը 6 սմ-ով է բարձր նախորդ տարվանից․ Ջրկոմի նախագահ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանում կարծիք հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
Մելքոնյանը նշեց, որ այսօրվա տվյալներով, Սևանի մակարդակը 6 սմ-ով բարձր է նախորդ տարվանից։
«Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը մենք ջրառ չենք իրականացրել։ Այս ընթացքում, միևնույն է, լճի մակարդակը 4 սմ-ով նվազել է։ Հիմա նույնիսկ այս ջրառի պայմաններում երրորդ օրն է՝ ջուր ենք վերցնում, բայց նիշը չի իջնում, այնպես որ տարօրինակ է այդ մակարդակի բարձրացում-իջեցումը»,- ներկայացրեց Ջրային կոմիտեի նախագահը։
Կառավարության դիրքորոշմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ։