Բուհերն իրենք կարող են իրենց ծրագրերում ներառել այդ առարկաները, բայց պարտադիր բնույթ չեն կրելու. ԿԳՄՍ նախարար
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե բուհերի ծրագրերից «Հայ գրականություն», «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները հանելու որոշումը հանրային քննարկման ինչպիսի հարթակներ է ընդգրկում և դրա վերաբերյալ գիտնականների կարծիքները հաշվառվա՞ծ են, թե՞ ոչ։
«Դա պարտադիր բնույթ ունի՞ , թե՞ հնարավոր է, որ հայեցողական հնարավորություններ նույնպես ընձեռնվեն»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան նախարարն ասաց. «Ծրագրերից չեն հանվում այդ առարկաները, այլ դրա պարտադիր բնույթի մասին է խոսքը գնում, քանի որ մեր և ընդհանուր տրամաբանությամբ, մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում այս առարկաներից, և ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ազդում է ոչ միայն տվյալ մասնագետի որակների վրա, այլ մասնագիտական այդ ծրագրի բովանդակության ու որակի վրա է ազդում»։
Հարությունյանի խոսքով՝ այս հարցում համոզմունքն այն է, որ հանրակրթության ոլորտում փոփոխությունների արդյունքում հանգեցնելու ենք մի իրավիճակի,երբ որ քաղաքացին, որը բուհ է գալու, ստանալու է բավարար գիտելիք այս առարկաներից և ավելի շատ ուշադրություն է դարձնելու մասնագիտության վրա։
«Բուհերն իրենք կարող են իրենց ծրագրերում ներառել այս առարկաները, բայց դրանք պարտադիր բնույթ չեն կրելու»,- նշեց նա։
Պատգամավորն առաջարկեց՝ երկու կիսամյակ ներառելուց հետո նոր դարձնեն հայեցողական։
«Սա արվում է մասնագիտական գիտելիքներն ավելացնելու համար, բայց սա նախագծի աշխատանքային տարբերակն է, երբ որ վերջնական տարբերակը դրվի շրջանառության մեջ, քննարկումներն ավելի շատ են լինելու, այդ թվում՝ լսումներ ԱԺ-ում»,- հավելեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
- ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին