Փաշինյանի պարզաբանումները՝ գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձ բարձրացնելու մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Ըստ էության Դուք շրջանցել եք Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին օրենքի հայտնի սանդղակը և բարձրացրել եք դրա մեջ երեք սուբյեկտների աշխատավարձերը։ Ես այստեղ եմ խնդիր տեսնում, որ առանց խորհրդարանի է սա եղել, քանի որ չի կարող կառավարութունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը բարձրացնել։ Եվ դրա գաղտնիության մեջ եմ խնդիր տեսնում։ Կխնդրեի պարզաբանել՝ ինչու՞ է այդպես որոշվել և օրենքը չի բերվել խորհրդարան»։
Փաշինյանը պատախանեց, որ այդ որոշման արդյունքում նշած ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանցն իջել է։
«Հենց այս որոշման անկյունաքարային նշանակությունը դրա մեջ է, եթե հիշում, եք, անցյալ տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում մենք նաև այս դահլիճում քննարկում ենք ունեցել, արձանագրել ենք, որ որոշակի դիսպրապորցիա կա, արդյունքում ոմանցը իջել է, ոմանցը՝ բարձրացել։ Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան: Իմիջիայլոց, Ձեր նշած սանդղակի օրենքը վաղուց այդպես չի գործում և 2019թ. բյուջեի քննարկումների արդյունքում այս ամբիոնից ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանի մարմիններ, հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումների ֆոնդ եմ սահմանում: Դուք իմացել եք և քվեարկել եք դրա օգտին»,- ներկայացրեց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ ԱԺ ամբիոնից պարգևատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել է այդ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն. «Բացի դա՝ նաև այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում պարգևավճարները փաստացի բարձրացրել են, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել»:
Վարչապետը նաև նշեց՝ որոշումը նպատակ է ունեցել դուրս բերել այն անհարմար վիճակից, երբ պաշտոնյան ինքն իրեն պետք է պարգևատրում նշանակի:
Ինչ վերաբերում է գաղտնի արվելուն՝ կառավարության ղեկավարն ասաց. «Խոսել նախարարի վճարման գաղտնիության մասին ճիշտն ասած տեղին չէ, քանի որ նախարարը ամեն տարի լրացնում է հայտարարգիր, որը դրված է կայքում և հասանելի է։ Ներքին աշխատանքային ընթացակարգային հարցեր են եղել, ի վերջո, եկեք արձանագրենք մի բան նաև, որ նախարարությունների միացում ենք ունեցել, նախարարներ կան, որ երեք նախարարի աշխատանք են անում»:
Նա նաև հավելեց, որ տարվա արդյունքներով իրենք կապահովեն 20 տոկոս պետբյուջեի եկամուտների աճ. «Հունվարի 1-ից թոշակները կբարձրանան, զինվորականների աշխատավարձը ևս, կոնկրետ թիվը չեմ ասի, բայց 200, 300, գուցե ավել հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը, քանի որ նոր հարկային օրենսգրքով 150 հազարից ավել ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը հունվարի 1-ից ավելանալու է, բայց դա լինելու է հարկային փոփոխությունների հաշվին»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանականների բարձրացված աշխատավարձի մասին լավագույններից
- Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան
- Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել. Մարուքյան
- Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է
- Դանիել Իոաննիսյան. Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը խայտառակություն է և օրենքի ոտնահարում
- «Հետք». Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է