Ինչպե՞ս է ստացվել, որ Հաղարծինի բոլոր կենդանիները բրուցելոզով հիվանդ էին
Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժ Էդիկ Թամամյանի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելյոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը (դա նշանակում է՝ Հաղարծինի 8 անասնատերերի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները հիվանդ են բրուցելոզով) լաբորատորիայի աշխատակիցների մոտ հարուցել է կասկած, ինչի մասին նրանք օպերատիվ տեղեկացրել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի մասնագետներին:
Կասկածելի արդյունքների հանգամանքները պարզելու նպատակով մարզային կենտրոն հրավիրված անասնաբույժ Էդիկ Թամրազյանը, պարզաբանման աշխատանքների արդյունքում, հաստատել է, որ 1 կենդանուց վերցված արյունն ինքը ներկայացրել է իբրև համայնքի 8 անասնատերերի 91 կենդանիներից վերցված:
Ըստ աղբյուրի, խնդիրը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Տեսչական մարմինը նաև կդիմի ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, անհրաժեշտ փաստաթղթերն ու անասնաբույժի կողմից տրված գրավոր բացատրությունը: