«Հայ Ձմեռ Պապ». Պետության և եկեղեցու հետ
«Հայ Ձմեձ Պապ» նախաձեռնության անդամները նախօրեին այցելել են Վարդաշենում գտնվող անապաստանների կացարան։ Այն բացվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի միջոցներով։
«Այստեղ հունիսից բնակվում է նաև մեր սիրելի Սվետլանա Սմակը․ ․․․ Պատահում է այսպես ահա․ տուն ունես, ընտանիք, աշխատանք, վաստակ, ու այդ ամենն ասես հօդս է ցնդում, ինչպես մղձավանջում։ Հայտնվում ես փողոցում՝ ճակատագրիդ հետ առճակատված, անօգնական ու խնամքի կարոտ։
Վարդաշենի կացարանի բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում նաև ընտանիք, երեխաներ ու թոռներ ունեցող կանայք ու տղամարդիկ։ Տխուր փաստ է․․․ Սվետլանա Սմակի խնդիրներին հետամուտ՝ «Հայ Ձմեռ պապը» դիմեց Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ ակնկալելով եկեղեցու հոգևոր օժանդակությունն ու զորակցությունը սոցիալական իրականությունից անդին հայտնված Սվետլանա Իվանովնայի և կացարանի մյուս բնակիչների համար։
Սրբազանի պատասխանը երկար սպասել չտվեց․ Տեր Զգոն քահանա Աբրահամյանն այսուհետ պարբերաբար կայցելի անապաստանների կացարան, զորավիգ կլինի շուրջ 100 մարդու, որոնցից յուրաքանչյուրը հոգևոր խոսքի և օրհնության կարիք ունի։ Կացարանի տնօրեն Շավարշ Կարապետյանը հնարավորություն է գտել ամրացնելու և բարեկարգելու շենքը։
Պլանները շատ են, շուտով սկսելու է նորոգումը։ Նախատեսում է արհեստներ ուսուցանող խմբակներ բացել, անապաստանների համար աշխատելու, ինքնադրսևորվելու հնարավորություններ ստեղծել, ինչպես նախկինում արդեն արվել է։
Հասարակական կազմակերպություններն ու ստեղծագործական խմբերն էլ, կարծում ենք, իրենց անելիքն ունեն կյանքի հատակում հայտնված, հույս ու հավատ կորցրած այս մարդկանց կողքին։ Պետության և Եկեղեցու հետ։ Հոգևոր պարտականություն է, սոցիալական անհրաժեշտություն։
«Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»: Մատթեոս 11․28»,-մանրամասնում են նախաձեռնության խմբում։