Սոս Սարգսյանի հիմնական դասը՝ բարոյականություն
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Թատրոնն այսօր կազմակերպում է Սոս Սարգսյանի 90-ամյակին նվիրված հուշ-երկո: Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանն ասաց, որ ելույթ են ունենալու թատրոնի արտիստները, կլինեն Ս. Սարգսյանի սիրած ներկայացումներից հատվածներ, բեմի վրա կլինի նաև թատրոնի երգչախումբը:
«Երգչախումբ ունենալը Սոս Սարգսյանի երազանքն էր: Ժամանակին ունեցել ենք, նորից վերականգնում ենք այդ ամեն ինչը»,- ասաց նա:
Հարցին, թե այսօր թատրոնն առաջնորդվո՞ւմ է այն ուղղություններով, որոնք դրել էր վարպետը թատրոնը հիմնադրելիս, Ա. Նավասարդյանն ասաց. «Բնականաբար, այլապես այս ամեն ինչը քանի՞ կոպեկ կարժենար: Շատերն են ասում, որ թատրոնում այն տեսակ տպավորություն է, որ, կարծես թե, Սոս Սարգսյանը վերադարձած լինի թատրոն: Այդ հետաքրքիր զգացողությունը մենք էլ ենք հաճախ ունենում»:
Ա. Նավասարդյանի խոսքով, ամենամեծ խորհուրդը, դասը, որ ստացել են Սոս Սարգսյանից՝ բարոյականությունն է իր բոլոր դրսևորումներով:
Սոս Սարգսյանի ծնվել է 1929 թվծականին, Ստեփանավանում։ Նա 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1954–91 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991 թ-ից Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարն է: 1992 թ-ից դասավանդում է Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտում (1998–2005 թթ-ին՝ ռեկտոր, 2003 թ-ից՝ պրոֆեսոր):
Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային, կեցվածքային-հռետորային խաղակերպը, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումներում. վերջինս աչքի էր ընկնում կերպարի լիարժեք բացահայտմամբ: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՝ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում՝ Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Դոն Կիխոտ (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Յագո, Ջոն արքա, Լիր (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», նաև վերջինիս ռեժիսորն է), Ադամյան (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», ՀՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մացակ («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի), Թաղապետ (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», նաև ռեժիսորն է) և այլն:
Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Խորհրդային կինոարվեստում միլիցիոների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.): Լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում («Սոլյարիս», 1973 թ., «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը», 1978 թ., և այլն):
Սարգսյանը հանդես էր գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր:
Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք...» (2010 թ.) գրքերը: 1991 թվականին հիմնել է Համազգային թատրոնը, եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Պապին...»
- «Այնպես ծիծաղիր, որ երկու կես լինես». Սոս Սարգսյանի առաջադրանքը՝ դերասանին
- «Մշտական ներկայություն Սոս Սարգսյանին». Տերյան 65 հասցեում բացվեց Վարպետի հուշատախտակը (տեսանյութ)
- Սոս Սարգսյանը թատրոն էր հիմնադրել երեք սկզբունքների հիման վրա
- Կադրից այն կողմ… Սոֆիկ Սարգսյան՝ նույն ինքը՝ «Նահապետ»-ի Նուբարը (տեսանյութ)
- «Փրկեք մեր հոգիները». Ալեքսանդր Մինկինը պատմում է մեծանուն դերասան Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի մասին
- Սոս Սարգսյան. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված» (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)