Բաց նամակ վարչապետին ՝ Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության անձնակազմի անունից
«Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Թումանյանը համացանցում տեղադրել է Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության ամբողջ անձնակազմի (թվով 69 աշխատակից) բաց նամակը ՝ ուղղված վարչապետին։ Նամակում մասնավորապես գրված է.
«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Սիրելի պարոն վարչապետ
Ենթադրելով ու կարծելով , որ համապատասխան պաշտոնատար անձիք գիշերօթիկ հաստատությունների հետ կապված իրականությունը ,Ձեզ սխալ ու ձևափոխած են ներկայացնում, վերջին հույսի ակնկալիքով , կրկին դիմում ենք Ձեզ, հուսալով, որ ժամանակ կգտնեք, անձամբ կուսումնասիրեք, կարձագանքեք ու դրական լուծում կտաք` մեր ընտանիքների համար կենսական ու գոյապահպան նշանակություն ունեցող , արդարացի խնդրանքին:
Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 11-ին դարձյալ նախարարությունից իրազեկվեցինք Դիլիջանի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության փակման վերաբերյալ, ինչի հետևանքով հաստատության 69 աշխատողներս դառնալու ենք գործազուրկ` չկարողանալով հոգալ մեր ընտւանիքների տարրական պահանջները:
Մեր սաները կհայտնվեն փողոցում` առաջին հերթին զրկվելով կրթության հնարավորությունից,որը այնքան կարևորում եք Դուք, վատթարանալու են նրանց ծնողների առանց այն էլ ծանր պայմանները:
Մեր համառ ջանքերի ու քանիցս ուղղած խնդրանքների արդյունքում, Տավուշի մարզպետը հաստատության աշխատակիցներին հրավիրեց հանդիպման ու երբ ս.թ. հոկտեմբերի 17-ին մեր մի խումբ աշխատակիցները գնացին նրա մոտ` մարզպետարան, վստահ լինելով, որ հանդիպելու են մարզպետ Հ.Չոբանյանին , ով կլսի իրենց խնդրանքը և համապատասխան հիմնավորումներով այն կներկայացնի կառավարությանը , տեղում անակնկալի եկան , այնտեղ տեսնելով սոցիալական հարցերի նախարարության այս լուծարման ծրագրի պատասխանատուներին և WORLD VISION, SOS մանկական գյուղեր , ՀՕՖ կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին: Նման ձևաչափով հանդիպումը անսպասելի էր, որի մասին նախապես իմանալու պարագայում , կարող էինք հանդիպմանը ներկայանալ համապատասխան փաստաթղթային հիմնավորումներով և լիարժեքորեն պատճառաբանել մեր խնդրանքը .
հաստատության լուծարման գործընթացը երկարաձգելու, ձմռանը աշխատողներին գործազուրկ չդարձնելու, երեխաների դեռևս որև է ձևով ոտքի չհանած ընտանիքներին փաստի առջև կանգնեցնելու մասին:
Հանդիպման ժամանակ մեր կողմից մանրամասն ներկայացվեցին բոլոր հիմնավորումները և բազմաթիվ առաջարկներ Դիլիջանի երեխաների խնամքի հաստատությունը վերակազմավորելու ճգնաժամային, վերականգնողական կամ ցերեկային խնամք իրականացնող հաստատության , սակայն մեզ լսող չկար, ինչպես ասում են «ձայն բարբառո հանապատի»:
Մեր երկրի մայր օրենքում` Սահմանադրության մեջ նշված է,որ ՀՀ –ն համարվում է սոցիալական , այսինքն` հասարակական ուղղվածության , նյութական ծանր վիճակում ապրողների շահերի պաշտպանության պետություն, որտեղ պետք է երաշխավորված լինի վերջիններիս իրավունքների ու շահերի պաշտպանությունը: Մենք չենք ուզում համալրել գործազուրկների , նպաստառուների, պետությունից անվճար օգնություն ակնկալողների շարքերը , ընդամենը խնդրում ենք հնարավորություն տալ` մեր աշխատանքով ապրել արժանապատիվ կյանքով:
Հաստատության սաների ծնողները հայտնում են մեզ, որ ոլորտի պետական պատասխանատու անձիք գնում են տները և բարոյական ճնշում գործադրելով փորձում են ամեն կերպ համոզել գրել դիմում երեխային հաստատությունից հանելու մասին` տալով տարաբնույթ դատարկ խոստումներ , հաճախ էլ ուղղակի սադրելով` «Դու չես ցանկանում պահել քո երեխային», կամ
«Մի շերեփ ճաշ ափսոսում ես քո երեխային» և նման այլ ձևակերպումներ հնչեցնելով, ինչը անթույլատրելի և անբարոյական է երեխաների հանդեպ :
Չէ որ գիշերօթիկ հաստատությունները այն միակ օջախներն են Հայաստանում , որտեղ անապահով , քայքայված ընտանիքների երեխաները ոչ միայն ապրում ու խնամվում են, այլ նաև անցնում են կրթության, դաստիարակության և բազմակողմանի զարգացման ՄԵԾ ԴՊՐՈՑ;
Իրականում այսօրվա դրությամբ ոչ մի փոխարինող կառույց կամ հաստատություն չկա , Հայաստանում գոյություն չունի ոչ խնամատար ընտանիքի ինստիտուտ, ոչ սոցիալական աշխատողի զարգացած ինստիտուտ , ոչ էլ այլ անվճար զարգացման կենտրոններ` անապահով ընտանիքների երեխաներին ներառելու համար:
Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեզ հանձնարարել կառավարությանը վերանայելու գիշերօթիկ հաստատությունները փակելու անհիմն որոշումը:
Մենք բոլորս թավշյա հեղափոխության մասնակիցներ ենք , մտահոգ ենք ինչպես մեր ընտանիքների, այնպես էլ մեր պետության բարօրությամբ, թեպետ հաստատակամ ու պատրաստ ենք, սակայն չենք ցանկանում մեր և երեխաների շահերը պաշտպանելու համար դիմել ծայրահեղ քայլերի :
Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության ամբողջ անձնակազմ, թվով 69 աշխատակից»:բ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան