Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ
ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։
«Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»,-ասել է Լայչակը:
Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաև երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»,-ասել է Լայչակը:
Իր կողմից, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է, որ միջնորդներն, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում: Լուրջ առաջընթացը, սակայն, հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում։
«Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռևս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-ասել է Գրեմինգերը։
Նշվում է, որ ԵԱՀԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն այս շաբաթ քննարկման էին մասնակցել Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված համաժողովին: Անդրադառնալով հակամարտությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների դերին, Միրոսլավ Լայչակը հատկապես կարևորել է քաղաքական որոշումների նշանակությունը։
«Քաղաքական որոշումները կայացնում են առաջնորդները, երկրի ղեկավարները, նախարարները: Այս դեպքում է հնարավոր արդյունավետ քննարկում, իսկ եթե դա չկա, ապա քննարկումները դառնում են բյուրոկրատական վարժություններ: Մենք կարող ենք աշխատել դեսպանների մակարդակով, սակայն, քաղաքական որոշումները բոլորովին այլ մակարդակի վրա են»,-ասել է Լայչակը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը